Մատչելիության հղումներ

Սենատոր Ալեն. «Հայոց ցեղասպանության ճանաչումը թուրք-ամերիկյան հարաբերություններում մնում է որպես կարեւոր գործոն, եւ ճանաչումը, ի վերջո, լինելու է»


Միացյալ Նահանգների Սենատի արտաքին հարաբերությունների հանձնախմբի նիստում հինշաբթի օրը՝ Թուրքիայում ԱՄՆ-ի նոր դեսպան Ռոս Ուիլսոնի թեկնածության հաստատման ժամանակ, անդրադարձ է եղել նաեւ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցին:

«Ես խոսում եմ իմ անունից, որպես նիստը նախագահող, բայց կարծում եմ, որ ամեն ոք պատմությունը հիշելու կարիքն ունի: Թեկուզ միայն նրա համար, որ այն ապագայում չկրկնվի՝ ոչ միայն հայերի, այլեւ բոլորի համար», - թեկնածուին ուղղված հարցերի շարքը այսպես սկսեց սենատոր Ջորջ Ալենը՝ ընդգծելով, թե «Ցեղասպանության ճանաչումը թուրք-ամերիկյան հարաբերություններում մնում է որպես կարեւոր գործոն, եւ ճանաչումը, ի վերջո, լինելու է»:

Նիստում Ռոս Ուիլսոնին ամերիկահայերին հուզող հարցերի շարան է ուղղել սենատոր Սարբանեսը՝ առաջին հերթին ուշադրություն հրավիրելով Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակմանը:

«Ավելի քան մեկ տասնամյակ Թուրքիան շարունակում է փակ պահել Հայաստանի հետ սահմանը՝ խախտելով միջազգային օրենքն ու լուրջ տնտեսական վնաս հասցնելով Հայաստանին: Ինչպիսի՞ քայլեր եք ձեռնարկելու Հայաստանի շրջափակման վերացմանը նպաստելուն»՝ Սարբանեսի հարցին ի պատասխան, Ռոս Ուիլսոնը ասել է, թե «ԱՄՆ-ի երկարամյա քաղաքականությունն է դրան նպաստելը, եւ ինքն էլ նույնն է անելու»:

Իսկ Օրհան Փամուկին եւ Հրանտ Դինքին ներկայացված մեղադրանքների մասին հարցին ի պատասխան, Ուիլսոնը նշել է. «Առաջին հերթին, պատմական այս խնդրի առիթով ԱՄՆ-ի նախագահն ամեն տարի հիշատակի ուղերձ է հղում Առաջին համախարհայինի ավարտին Արեւելյան Անատոլիայում զոհված հայերի հիշատակին»:

«Ամեն տարի ուղերձները տարբեր են, բայց բոլորում ընդհանուր է այն, որ ընդունվում է. սարսափելի բան է տեղի ունեցածը, պետք է քաջալերել կողմերին՝ իրադարձությունների շուրջ քննարկման մեջ ներքաշվել», - հայտարարել է նա եւ ավելացրել. - «Կարծում են՝ սա կարեւոր է, եւ ես կաջակցեմ նման քաղաքականությանը»:

Ինչ վերաբերում է Օրհան Փամուկի եւ Հրանտ Դինքի մեղադրանքին՝ Ուիլսոնը խոսել է Թուրքիայի Քրեական օրենսգրքից խոսքի ազատության սահմանափակումներ ենթադրող եւ դրա համար պատժամիջոցներ սահմանող հոդվածները հանելու անհրաժեշտության մասին:

Այս քննարկումների մասին լուրը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցած Ամերիկայի Հայ Դատի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը հույս հայտնեց, թե «ոչ միայն սենատորներ Ալենը եւ Սարբանեսը, այլեւ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի մյուս սենատորներն էլ կշարունակեն վերջնական քննարկումների ժամանակ փորձել հասկանալ՝ Անկարայում նշանակվող դեսպանն ու մյուս դիվանագետները ինչպե՞ս են վերաբերում այս բոլոր հարցերին»:

Դեսպանի թեկնածության վերջանական հաստատումը այս հանձնաժողովում ապա նաեւ ողջ Սենատում սպասվում է մինչեւ նոյեմբերի 24-ը: Ռոս Ուիլսոնը նախկինում Միացյալ Նահանգների դեսպանն էր Ադրբեջանում:

Ռուզան Խաչատյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG