Մատչելիության հղումներ

Ջավախքը նոր օգնություն է ստանում


Ախալցխայի շրջանի Սուխլիս հայկական գյուղը, որտեղ դեռեւս 80-ական թվականներին գյուղի դպրոցական շենքը փուլ էր եկել, եւ դասերը մինչեւ օրս անցկացվում էին մշակույթի տանը, նոր դպրոցական շենք է ունենալու:

«Ա-ինֆո» գործակալության փոխանցմամբ, ռուսաստանաբնակ ախալցխացի գործարար Լեոնիդ Գրիգորյանը պատրաստակամություն է հայտնել սուխլիսցիների համար 500 տեղանոց նոր դպրոցական շենք կառուցել: Արտագաղթի պատճառով այսօր սուխլիսցի միջնակարգ դպրոցի աշակերտների թիվը կրճատվել է ավելի քան երկու անգամ եւ ընդամենը 172 է:

Չնայած մոտալուտ ձմեռ է գալու, ուսումնական շենքի կառուցումն արդեն սկսվել է եւ մինչեւ հաջորդ տարվա սկիզբ նոր շենքը պատրաստ կլինի շահագործման: Գրիգորյանը խոստացել է կահավորել դպրոցական շենքը, ընդ որում նաեւ համակարգչային տեխնիկայով:

Գործակալությունը նաեւ հաղորդում է, թե «Ուրբանիզացիայի ինստիտուտ» վրացական ոչ-կառավարական կազմակերպության նախաձեռնությամբ սկսել է Նինոծմինդայի քաղաքային զբոսայգու վերանորոգումը: Հատկացված 18 հազար լարին (մոտ 10 հազար դոլար) նախատեսվում է օգտագործել այգում նստարաններ, էլեկտրական սյուներ եւ աղբարկղեր տեղադրելու նպատակով:

Կազմակերպությունը Նինոծմինդայի քաղաքային վարչությանը խոստացել է նաեւ առանձին միջոցներ տրամադրել քաղաքում ճանապարհային տարբերանշանների տեղադրման, քաղաքի սանմաքրման, նոր շուկայի շինարարության համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG