Մատչելիության հղումներ

Նոյեմբերի 9-ից Հունաստանում գտնվող Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է Հունաստանի նախագահ Կարոլոս Պապուլիսասի, վարչապետ Կարամանլիսի, խորհրդարանի խոսնակի եւ խորհրդարանում ներկայացված կուսակցությունների ղեկավարների հետ:

Հանդիպումների ընթացքում քննարկվել են երկկողմ տնտեսական համագործակցություններին առնչվող հարցեր, եւ ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Աթենքում լույս տեսնող «Հայաստան» թերթի խմբագիր Դավիթ Այվազյանը՝ «Հունաստանը ցանկանում է օգնել գյուղատնտեսության զարգացման իր մոդելը Հայաստանում ներդնելու հարցում»:

Առայժմ, իհարկե, հայաստանցիները առիթ չունեն հավատալու, թե հունական որեւէ հաջող մոդել կարող է գործել Հայաստանում՝ նկատի ունենալով «ԱրմենՏել»-ի դառը փորձը: Դավիթ Այվազյանի խոսքերով, հունական մամուլը այս օրերին եւս անդրադարձել է «ԱրմենՏել»-ի՝ հունական OTE ընկերության քույր կազմակերպության գործունեությանը Հայաստանում: Հոդվածներից մեկում նշվել է, թե «հունական ընկերությունը թալանում է հայ ժողովրդին»: Այնպես որ, հանուն արդարության, հարկ է նշել, որ հույները նույնպես քննադատում են «ԱրմենՏելի» գործունեությունը:

Այսօր Ռոբերտ Քոչարյանի այցելության վերջին օրն է. ըստ պաշտոնական տվյալների, վերջին 15 տարում Հունաստան են գաղթել շուրջ 25 հազար հայաստանցիներ. նրանց կարեւոր իրադարձություն է սպասում՝ Աթենքում Հայաստանի դեսպանության նոր շենքի բացումը:

«Շենքը նորակառույց է եւ ժամանակակից, գտնվում է Աթենքի կենտրոնում: Նախկին շենքը ավելի մոտ էր հայկական թաղամասերին, մեր հայրենակիցների համար այնտեղ գնալը ավելի հեշտ էր», - նշեց Դավիթ Այվազյանը:


Հրայր Թամրազյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG