Մատչելիության հղումներ

Նորաստեղծ «Դաշինք» կուսակցության հիմնադիր համագումարում կուսակցության առաջնորդ, Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը հայտարարեց, թե կուսակցությունը չի լինելու ոչ ընդդիմադիր եւ ոչ էլ իշխանամետ դաշտում, այլ համագործակցելու է քաղաքական գրեթե բոլոր ուժերի հետ:

«Մենք չենք համարում, որ պետք է լինենք ընդդիմադիր կամ իշխանամետ: Ես ասելու եմ այն, ինչ համարեմ ճիշտ, դա ում կվերաբերվի, ով կնեղանա՝ իր պրոբլեմն է», - լրագրողներին հայտնեց Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատարը եւ ավելացրեց. - «Եթե ձեզ պետք է, որ հանրապետության նախագահին հայհոյեմ, կարող եմ հենց հիմա հայհոյել, բայց ինձ դա պետք չէ, ինձ պետք է խնդիրներ լուծել»:

Սամվել Բաբայանը հերքեց նաեւ նախագահի աշխատակազմի ղեկավար Արտաշես Թումանյանի հետ դաշինք կազմելու մասին լուրերը. «Դաշինք»-ը տեղական ինքնակառավարման մարմինների եւ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է անկախ՝ առանց որեւէ ուժի հետ դաշինք կազմելու:

«Ես Հայաստանի քաղաքացի եմ, նախագահ չեմ եղել, չեմ լինի, չեմ էլ ցանկանում: Ես չեմ մտել Հայաստանի քաղաքական դաշտ՝ պաշտոն ստանալու: Ես մտել եմ իմ գործունեությամբ օգտակար լինելու համար հասարակությանը, ես իմ պատմությունը արդեն իսկ կերտել եմ: Եթե ոմանք դեռ նոր են ուզում ջրի տակից դուրս գան, ես դրա կարիքը չունեմ, ես վաղուց կայացած եմ: Ես իմ կեցվածքով նախագահ լինել չեմ կարող, ես մի քիչ ազատ մարդ եմ», - հայտարարեց Բաբայանը:

Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ «Դաշինք»-ի առաջնորդը չցանկացավ որեւէ դիրքորոշում ներկայացնել՝ նշելով, թե «կուսակցությունը դեռեւս գրանցված չէ, եւ ինքը չէր ցանկանա ազդել թիմակիցների դիրքորոշման վրա»:

Սամվել Բաբայանը հրաժարվեց նաեւ բացահայտել կուսակցության ֆինանսավորման աղբյուրը. «Ես գիտեմ, թե ոնց եմ փող հայթայթելու, Հայաստանում ունեմ մեծ շրջապատ, ընկերներ, համենայնդեպս, չեմ նստելու սպասեմ՝ Ամերիկայի՞ց են ֆինանսավորելու, Ռուսաստանի՞ց, թե՞ Եվրոպայից»:

Ղարաբաղյան հիմնախնդրի լուծումը «Դաշինքը» հնարավոր է համարում միայն հակամարտող կողմերի ժողովրդավարացման դեպքում եւ առաջ է քաշում կարգավորման 4 հիմնական սկզբունք՝ միջազգային հեղինակավոր կազմակերպության հովանու ներքո միջանկյալ ինքնիշխանություն, փախստականների եւ տեղահանված անձանց կամավոր վերաբնակեցում, Արցախում տնտեսության զարգացաման նախադրյալների ստեղծում եւ հանրաքվեի միջոցով Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշում:

Ի դեպ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարարի կուսակցության հիմնադիր համագումարին ելույթ ունեցավ ԱժՄ նախագահ Վազգեն Մանուկյանը՝ նշելով, թե «հավանում է նորաստեղծ կուսակցության ծրագիրը, եւ այն ընդհանրություններ ունի ԱԺՄ ծրագրի հետ»:

«Ես տեսնում եմ մեր համագործակցությունը այս կուսակցության հետ, -եզրափակեց Վազգեն Մանուկյանը:

Իսկ Ազգային ժողովի փոխնախագահ, դաշնակացական Վահան Հովհաննիսյանը նշեց, թե «պատահական չէ, որ եւ’ դաշնակցություն, եւ’ «Դաշինք» բառերի արմատները նույն են»:

«Մենք ձեռք ենք բերում հուսալի դաշնակից կոռուպցիայի դեմ եւ սոցիալական արդարության հաստատման համար պայքարում, եւ, ամենակարեւորը՝ արցախյան հարցի լուծման մեջ ազգային մոտեցումները այսօր ուժեղացան», - հայտարարեց Հովհաննիսյանը:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG