Մատչելիության հղումներ

Գլխավոր սանիտարական բժիշկը վստահեցնում է, որ Հայաստանում թռչնագրիպի դեպքեր չեն գրանցվել


Հանրապետության գլխավոր սանիտարական բժիշկ Վլադիմիր Դավիդյանցը չորեքշաբթի օրը հայտարարել է, որ Հայաստանում թռչնագրիպի դեպքեր չեն գրանցվել:

«Պաշտոնապես հայտարարում եմ, որ Հայաստանում մարդկանց մոտ թռչնագրիպի դեպքեր չկան: Դեպքեր չեն արձանագրվել նաեւ կենդանիների եւ թռչունների մոտ: Ամեն օր մենք անցկացնում ենք օպերատիվ խորհրդակցություններ», - նշել է Վլադիմիր Դավիդյանցը:

Մշակվել է գրիպի եւ թռչնագրիպի դեմ պայքարի ազգային ծրագիր ու շուտով այն կներկայացվի կառավարության հաստատմանը։ Առայժմ աշխարհում թռչնագրիպի դեմ պատվաստանյութ չկա, սակայն, վստահեցնում է Վլադիմիր Դավիդյանցը, այդ հիվանդության ախտորոշման միջոցներ Հայաստանում կան:

«Առողջապահության նախարարություն ձեռք է բերել թռչնագրիպի դեղամիջոջի որոշակի պաշարներ, ինչպես նաեւ ախտորոշիչ նյութեր», - հայտնեց Վլադիմիր Դավիդյանցը:

Խոսքն այստեղ հակագրիպային դեղամիջոցներից մեկի՝ «Տամիֆլու»-ի մասին է, որը մասամբ կարող է մեղմել թռչնագիպը, սակայն, դրա դեմ պատվաստանյութ չէ։ Վլադիմիր Դավիդյանցը մանրամասնեց, թե թռչնագրիպի դեմ պայքարի ծրագիրը նախատեսում է բնակչության 10 տոկոսի հաշվով այդ դեղամիջոցի ձեռքբերում-պաշարում՝ արտակարգ իրավիճակների դեպքում գործածելու նպատակով։ Այդ դեղանյութի մեկ չափաքանակն արժե 15 եւրո։

Հանրապետության գլխավոր սանիտարական բժիշկը անդրադարձավ նաեւ որ Ախուրյանցի մի կնոջ մոտ սիբիրախտով վարակման դեպքին: Ամենայն հավանականությամբ, հիվանդության առաջացման պատճառը հում հիվանդ մսի հետ շփումն է եղել:

«Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում համապատասխան մանրեաբանական հետազոտություններ են անցկացվում ու վերջնական աշխտորոշումը երկու օրից միայն կստացվի: Սակայն, հակահամաճարակային միջոցառումներ արդեն անցկացվում են», - նշեց Վլադիմիր Դավիդյանցը:

Բժիշկների հավաստմամբ սիբիրախտով վարակման գաղտնի շրջանը տեւում է 7-ից մինչեւ 10 օր, եւ առայժմ Ախուրյանի տարածաշրջանում հիվանդացության այլ դեպք մասնագետների կողմից չի հայտնաբերվել: Վերջին 5 տարիների վիճակագրական տվյալներով Շիրակի մարզում սիբիրյան խոցով հիվանդացության ամենաշատ դեպքերը գրանցվել են 2001 թվականին:

Վլադիմիր Դավիդյանցը նաեւ հայտնեց, որ այսօր կառավարության հաստատած՝ 2006-ից 2010 Իմունականխարգելման ազգային ծրագիրը նախատեսում է 7 վարակների՝ թոքախտի, դիֆթերիայի, կապույտ հազի, փայտացման, պոլիոմելիտի, կարմրուկի եւ խոզուկի դեմ զանգվածային պատվաստումներ։

Փաստաթուղթը, ըստ գլխավոր սանիտարական բժշկի, առաջիկա 4 տարիներից յուրաքանչյուրում նախատեսում է երկու միլիոն 800 հազար դոլարի պատվաստանյութերի գնում։ Այդ գումարների կեսը կծախսվի գյուջեից, մնացած մասը կառավարությունը հույս ունի ձեռքբերել միջզգային դոնորների օգնությամբ։ Վլադիմիր Դավիդյանցը վստահեցրեց, թե արդեն 2010 թվականին կբացառվեն կարմրուկի տեղական դեպքերը։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG