Մատչելիության հղումներ

Ուկրաինայի արտգործնախարարության մամլո խոսնակ Վասիլի Ֆիլիպչուկը երեքշաբթի օրը հայտարարել է, որ Ուկրաինան կիսում է Ադրբեջանում կայացած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ գնահատականը, ըստ որի դրանք ճանաչվել են որպես ոչ ժողովրդավարական, եւ սպասում է առաքելության վերջնական հետեւություններին:

«Ուկրաինայի ղեկավարությունը հանդես է գալիս Ադրբեջանում ընտրություններից հետո ստեղծված իրավիճակի խաղաղ հանգուցալուծման, ինչպես նաեւ մարդու իրավունքների ու ազատությունների ապահովման եւ վեճերի իրավական ճանապարհով լուծման օգտին», - ըստ Բաքվի «Զերկալո» թերթի, նշել է Ֆիլիպչուկը:

Թերթը նաեւ հաղորդում է, որ պաշտոնական Կիեւի կարծիքը կիսում են նաեւ Ուկրաինայի իշխող «Մեր Ուկրաինան» կուսակցությունը, որի ներկայացուցիչներից մեկը Կիեւում երեքշաբթի օրը կայացած ասուլիսում նշել է, թե «Ուկրաինան հետեւողական է լինելու իր քայլերում եւ ցուցադրելու է, որ հավատարիմ է ժողովրդական արժեքներին»:

«Մենք դիմելու են նախագահ Վիկտոր Յուշչենկոյին՝ ձեռնպահ մնալ նոյեմբերի 23-ին նախատեսված պետական այցով Ադրբեջան մեկնելուց», - նշել է գերագույն Ռադայի պատգամավորը:

Իսկ Ուկրաինայում «նարնջագույն հեղափոխության» առաջամարտիկ «Պորա» կազմակերպության ներկայացուցիչ Անդրեյ Յուսովը նշել է, թե իր կազմակերպությունը կաջակցի Ադրբեջանի բողոքական շարժմանը՝ «ժողովրդավարության լիակատար հաղթանակին» հասնելու գործում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG