Մատչելիության հղումներ

logo-print

Եվրահանձնաժողովը կհրապարակի Թուրքիային վերաբերող տարեկան զեկույցը


Եվրահանձնաժողովը Բրյուսելում չորեքշաբթի օրը հրապարակելու է Թուրքիայի անդամակցության գործընթացին վերաբերող տարեկան զեկույցը:

Թուրքիան, ամենայն հավանականությամբ, կորակվի իբրեւ «շուկայական տնտեսություն ունեցող երկիր», ինչն անհրաժեշտ է Եվրամիությանը անդամակցելու համար: Զեկույցում, սակայն, կլինեն նաեւ Թուրքիայի համար շատ անբարենպաստ ձեւակերպումներ՝ դժվարությաթյամբ իրականցվող քաղաքական բարեփոխումների եւ մարդու իրավունքների բնագավարում լուրջ թերացումների վերաբերյալ:

Եվրամիությունը պահանջում է վերացնել կտտանքները, բարեփոխել դատա-իրավական համակարգը, ուժային կառույցների գործունեությունը դնել խորհրդարանի հսկողության ներքո:
Ընդհանուր առմամբ, զեկույցում Թուրքիային ներկայացվելու է շուրջ 150 պահանջ:

«Թուրքերը դեռ անելու շատ բան ունեն: Վերջին տարին Թուրքիայի համար պատվաբեր չէր», - «Ֆրանսպրես» գործակալությանը ասել է իր անունը հրապարակել չցանկացած Եվրամիության պաշտոնյաներից մեկը:

Արդո՞ք զեկույցում արծարծվելու է նաեւ Հայոց ցեղասպանության խնդիրը՝ «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան, Եվրոպայի Հայդատի հանձնախմբի նախագահ Հիլդա Չոբոյանը ասաց. «Ըստ մեր տեղեկության, ցեղասպանության մասին ուղիղ ոչինչ չկա: Հավանաբար, առաջիկա ամիսներին, երբ յուրաքանչյուր բնագավառ քննարկման կենթարկվի, յուրաքանչյուրի մեջ պետք եղած պատշաճ բաժինը վեր կհանենք»:

Եվրահանձնաժողովը բազմիցս է քննադատել Թուրքիային՝ լրագրողներին եւ անվանի մտավորականներին հալածելու համար: Ամենավառ օրինակները Օրհան Փամուկի եւ Հրանտ Դինքի գործերն են: Եվրամիության ընդարձակման հարցերով հանձնակատար Օլի Ռենը վերջերս Անկարային կոչ էր արել դադարեցնել Փամուկի դատավարությունը: Փամուկին մեղադրում են Թուրքիայում հայերի եւ քրդերի զանգվածային սպանդի թեման հրապարակայնորեն քննարկելու, այդպիսով, Թուրքիայի վարկին վնաս հասցնելու համար:

«Ասոշիեյթեդ Փրես» գործակալության փոխանցմամբ, Թուրքիայի դատախազությունը երեքշաբի օրը մեղադրանք է ներկայացրել քրդամետ «Արամ» հրատարակչության սեփականատեր Ֆաթիհ Թասին՝ ամերիկացի գրող Ջոն Թիրմանի «Պատերազմական ավար» գիրքը թարգմանաբար հրատարակելու համար: Հեղինակը Թուրքիայի իշխանություններին մեղադրում է նացիոնալիզմի եւ քրդերի հանդեպ խտրական վերաբերմունքի մեջ:

Դատախազությունը հրատարակչին քրեական օրենսգրքի երկու հոդվածներով մեղադրանք է առաջադրել՝ երկրի իշխանություններին եւ ժամանակակից Թուրքիայի հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքին վիրավորելու համար:

Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG