Մատչելիության հղումներ

«Թրանսփերենսի Ինթրնեյշնլ»-ը քննադատել է կոռուպցիայի դեմ պայքարի հարցերով Հայաստանի նախագահի խորհրդականին


«Թրանսփերենսի Ինթրնեյշնլ» կազմակերպությունը քննադատել է Հայաստանի նախագահի խորհրդական, հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման մոնիտորինգի հանձնաժողովի նախագահ Բագրատ Եսայանին, ով շաբաթասկզբին կասկածի տակ էր կազմակերպության վերջին զեկույցի արդյունքները:

«Մտահոգիչ է այն, որ Հայաստանում առկա չէ կոռուպցիայի իրավիճակի բարելավման միտում: Անկեղծ հանրային քննարկումը միակ ճիշտ պատասխան է Կոռուպցիայի ընկալման համաթվի (ԿԸՀ) հրապարակմանը: Հիմնախնդիրը կոծկելը, փորձելով վարկաբեկել մեր համաթիվը, սխալ պատասխան է», - Բագրատյան Եսայանին ուղղված նամակում գրել է «Թրանսփերենսի Ինթրնեյշնլ»-ի Եվրոպայի եւ Միջին Ասիայի երկրների գծով տնօրեն Միկլոշ Մարշալը:

Նամակում նա ներկայացրել եւ պաշտպանել է կազմակերպության կողմից անցկացվող հարցուման մեթոդաբանությունը, որը նրա խոսքերով, հիմնվում է տվյալ երկրում առնվազն երեք այլ արեւմտյան կազմակերպությունների ուսումնասիրությունների վրա: Այդ ուսումնասիրությունները, ըստ Մարշալի, արտացոլում է նաեւ տեղի գործարարների, վերլուծաբանների եւ փորձագետների կարծիքները:

«Չնայած ժամանակ առ ժամանակ կարծիքները կարող են չհամընկնել իրականության հետ, երկարաժամկետ կտրվածքով Հայաստանի հետ առնչվող գործին տեղյակ փորձագետների ընկալումը բավականին ճշտորեն է արտացոլում իրականությունը», - նշել է Միկլոշ Մարշալը:

«Թրանսփարենսի Ինթրնեյշնլ»-ի՝ հոկտեմբերին հրապարակել էր 2005 թվականին Կոռուպցիայի ընկալման համաթիվը, ըստ որի Հայաստանը 155 երկրների շարքում զբաղեցրել էր 88-րդ տեղը՝ ստանալով 2.9 միավոր: 2004 թվականին այդ ցուցանիշը 3.1 էր, եւ Հայաստանը զբաղեցրել էր 82-րդ տեղը:

Կոռուպցիայի դեմ պայքարի հարցերով նախագահի խորհրդական Բագրատ Եսայանը անցյալ շաբաթ կասկածի տակ էր առել այդ ուսումնասիրության արդյունքները՝ հայտարարելով, թե «կոռուպցիան երեւույթ է, որ չափել հնարավոր չէ»:

Նա նաեւ հրապարկել էր 2005 թվականի առաջին կիսամյակում Հայաստանում կոռուպցիոն հանցագործությունների մասին վիճակագրական տվյալները: Ըստ այդմ՝ անցած տարվա համեմատությամբ, Հայաստանում կոռուպցիոն հանցագործությունների թիվն աճել է: Բագրատ Եսայանը, սակայն, հրաժարվել էր հայտնել կոռուպցիայի հետ կապված հանցագործությունների համար պատժված անձանց անունները:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG