Մատչելիության հղումներ

Անկարգությունների ալիքը Փարիզում հայ համայնքին որեւէ վնաս չի պատճառել


Փարիզի փողոցներում արդեն 12-րդ օրն է` մոլեգնում են հրդեհներն ու անկարգությունները: Քաղաքն այժմ իսկական մարտադաշտ է հիշեցնում.ամեն կողմից հնչում են կրակոցներ, հրդեհի բաժին են դառնում հազարավոր մեքենաներ ու շենքեր եւ եկեղեցիներ:

«Ասոշիեյթեդ Փրես» գործակալությունը հաղորդում է, որ հոկտեմբերի 27-ին Ֆրանսիայի մայրաքաղաքում սկված անկարգությունները տեղափոխվել են երկրի շուրջ 300 քաղաքներ:

Ֆրանսիայի ներքին գործերի նախարության տվյալներով, ձերբակալվել են անկարգությունների շուրջ 1200 մասնակիցներ, ընդհարումների արդյունքում վիրավորվել են 40 ոստիկաններ: Իսկ երկուշաբթի օրը իշխանությունները հայտնեցին անկարգությունների առաջին զոհի մասին՝ Փարիզի արվարձաննեից մեկի 61-ամյա բնակիչը մահացել էր մի քանի օր առաջ ստացված վերքերից:

Երեքշաբթի առավոտյան Ֆրանսիայի կառավարությունը մտադիր է արտակարգ նիստ անցկացնել, որը գլխավորելու է երկրի նախագահ Ժակ Շիրակը: Ֆրանսիայի վարչապետ Դոմինիկ դե Վիլպենն արդեն հայտարարել է, որ կառավարությունը մտադիր է որոշում ընդունել, որով ներքին գործերի նախարարության հետ համաձայնության գալով, հնարավոր է մայրաքաղաքի առանձին հատվածներում պարետային ժամ մտցնել: Բացի այդ, անկարգությունների դեմ պայքարելու նպատակով որոշվել է լրացուցիչ մոբիլիզացնել շուրջ 1700 ռեզերվիստների՝ ռազմական ոստիկանության եւ ժանդարմների թվից:

«Ազատություն» ռադիոկայանի ունեցած տվյալներով, դժգոհության այս ալիքը հայ համայնքին որեւէ վնաս չի պատճառել: Փարիզի հայաշատ երեք արվարձաններում՝ Ալֆոռվիլում, Իսլե-Մուլինոյում եւ Քլամառում ոչ մի խռովություն չկա, իրավիճակն այստեղ հանգիստ է:

Ֆրանսիական թերթերից մի քանիսը Փարիզի փողոցներում մոտ երկու շաբաթ շարունակվող անկարգությունները որակել են որպես «քաղաքացիական պատերազմ»:

Ռուզան Կյուրեղյան, Փարիզ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG