Մատչելիության հղումներ

logo-print

Արեւմուտքի գնահատականով, Ադրբեջանի ընտրությունները չեն համապատասխանել միջազգային չափանիշներին


ԵԱՀԿ դիտորդական առաքելության ղեկավար, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ալսի Հասթինգսը հայտարարել է, որ Ադրբեջանում նոյեմբերի 6-ին կայացած խորհրդարանական ընտրությունները չեն համապատասխանել միջազգային չափանիշներին, եւ ձայների հաշվարկի ընթացքում արձանագրված լուրջ թերությունները ստվեր են գցել նախընտրական քարոզարշավի ժամանակ գրանցված առաջընթացի վրա

«Ադրբեջանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները չեն համապատասխանում ԵԱՀԿ առջեւ ստանձնած մի շարք պարտավորություններին, ինչպես նաեւ ժողովրդավարական ընտրությունների՝ Եվրախորհրդի չափանիշներին», - երկուշաբթի օրը Բաքվում հայտարարել է Հասթինգսը:

Ընտրությունների օրը դիտորդներն իրենց այցելած ընտրատեղամասերի 13 տոկոսում ընտրությունների ընթացքը բացասական են գնահատել: Նրանք ականատես են եղել ընտրողների վրա ճնշման եւ կողմնակի անձանց միջամտությունների բազմաթիվ դեպքերի: րանցվել են նաեւ տեղացի դիտորդներին եւ նույնիսկ ընտրական հանձնաժողովների անդամներին ընտրատեղամասերից վռնդելու դեպքեր: Իսկ ձայների հաշվարկը ընտրատեղամասերի 43 տոկոսում եվրոպացիները գնահատել են որպես վատ կամ շատ վատ:

Դիտորդները գրանցել են մի շարք լուրջ խախտումներ, ընդհուպ մինչեւ վերջնական արձանագրության մեջ փոփոխություններ մտցնելու փորձեր, սպառնալիքներ դիտորդների հասցեին:

Երկուշաբթի ուշ երեկոյան Ադրբեջանի խորհրդարանական ընտրություններին պաշտոնական գնահատական տվեց նաեւ Միացյալ Նահանգները: Ըստ «Ռոյթերզ» գործակալության, պետքարտուղարության խոսնակ Ադամ Էրելին հայտարարել է. «Միացյալ Նահանգները իր դժգոհությունն է հայտնում ընտրություններում տեղ գտած խախտումների ու կեղծիքների վերաբերյալ եւ հորդորում է Ադրբեջանի կառավարությանը ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ՝ դրանց հեղինակներին բացահայտելու ուղղությամբ»:

«Մենք նաեւ նշում ենք, որ բոլոր բողոքարկումներն ու երթերը պետք է կրեն խաղաղ եւ օրինական բնույթ, եւ բոլոր կուսակցությունները պետք է խուսափեն ամեն տեսակ բռնություններից», - նշել է պետդեպարտամենտի ներկայացուցիչը:

Ի տարբերություն այս գնահատականների, կիրակի տեղի ունեցած ընտրությունների վերաբերյալ տրամագծորեն հակառակ պատկեր են ներկայացրել ԱՊՀ դիտորդները իրենց նախնական հայտարարություններում: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը երեկ ուշ երեկոյան կասկածի տակ է առել ԵԱՀԿ դիտորդական առաքելության անկողմնակալությունն ըդհանրապես:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը հաղորդում է, որ երեկ Սերբիա-Մոնտենեգրո կատարած այցի ընթացքում Լավրովը ԵԱՀԿ-ն համարել է «անհետեւողական կառույց» եւ նորից պնդել, որ «անհրաժեշտ է վերանայել այդ կազմակերպության կողմից իրականացվող դիտորդական առաքելությունների սկզբունքները»:

«Պաշտոնական Մոսկվան արձանագրել է որոշ խախտումներ, սակայն դրանք բավարար չեն ընտրությունների արդյունքը կասկածի տակ առնելու համար», - հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարը:

Հեղինե Բունիաթյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG