Մատչելիության հղումներ

Հայաստանում ավիավառելիքի ճգնաժամ է


Արդեն երեք ամիս է, ինչ Երեւանի «Զվարթոց» օդանավակայանում ավիաընկերությունները թռիչքների համար անհրաժեշտ վառելիքի համար հերթեր են կանգնում ու նավթը ստանում կտրոնով. 1 տոննա յուրաքանչյուր թռիչքի համար՝ անհրաժեշտ 13-14-ի փոխարեն:

«Արմենիա» միջազգային օդանավակայանների հանրային կապերի պատասխանատու Գեւորգ Աբրահամյանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, որ «Զվարթնոց»-ին վառելիք մատակարարող «Միկա Լիմիթեդ» ընկերությունը օգոստոսից չի կատարում կամ մասամբ է կատարում ստանձնած պարտավորությունները:

«Օդանավակայանը ինքը վեռելիք չի ներկրում, կա մատակարար: Օգոստոսից ի վեր վառելիքը մեծ բարդություններով է տրամադրվում կամ ընդհանրապես չի տրամադրվում, այսինքն՝ մեր պատվերը չի կատարվում», - նշեց Աբրահամյանը՝ ավելացնելով, որ «Զվարթնոց»-ը այդ ընթացքում ավիաընկերություններին վառելիք է տրամադրել ներքին պաշարներից, որոնք այժմ սպառվել են:

Օդանավակայանը, նրա խոսքով, ստիպված նամակներ է ուղարկել ավիաընկերություններին՝ խնդրելով ըմբռնումով մոտենալ ստեղծված իրավիճակին եւ «յոլա գնալ, մինչեւ խնդիրը կլուծվի»:

Ավիաընկերություններից յուրաքանչյուրն էլ այս ամիսների ընթացքում փորձել է գտնել օդում առանց վառելիքի «յոլա գնալու» սեփական տարբերակը: «Աերոֆլոտ»-ը, օրինակ, մեծ ինքնաթիռները փոխարինել է նվազ ծախսատարերով, ինչպես նաեւ պակասեցրել է ուղեւորների թիվը:

«Նավթ չլինելու պատճառով մենք ստիպված սահմանափակում ենք Մոսկվայից բեռնափոխադրումները. փոխարենը ինքնաթիռը բեռնում ենք վառելիքով: Արդյունքում, բնականաբար, մեծ կորուստներ ենք կրում», - հայտնեց «Աերոֆլոտ»-ի հայաստանյան ներկայացուցիչ Գամառնիկ Ղահրամանյանը:

Վառելիքի ճգնաժամը միայն «Աերոֆլոտ»-ի եկամուտների վրա չի ազդել: Ստեղծված իրավիճակից բողոքում են նաեւ մյուս ավիաընկերությունների ներկայացուցիչներն ու ուղեւորները:

«Արմավիա» ընկերությունը, օրինակ, սովորություն է դարձրել Մոսկվա-Երեւան թռիչքի ընթացքում վերալիցքավորման նպատակով վայրեջք կատարել Սոչիում, եւ, ըստ ուղեւորների, թռիչքը Մոսկվա 2,5 ժամի փոխարեն երբեմն տեւում է 4 ժամ: Իսկ հոկտեմբերի 31-ին ընկերության ծառայությունից օգտվող ուղեւորները այդպես էլ Մոսկվա չեն հասել. Սոչիում ինքնաթիռը հրաժարվել են լիցքավորել, եւ հայերը ստիպված ձեռնունայն տուն են վերադարձել:

«Միկա Լիմիթեդ» ընկերությունից ստեղծված իրավիճակի շուրջ տեղեկություններ ստանալու փորձերը ապարդյուն անցան. ընկերության ներկայացուցչները նախ ասացին, որ իրենք չեն զբաղվում վառելիքի մատակարարմամբ, հետո հավաստիացրին, որ զբաղվում են եւ բարեխղճորեն կատարում իրենց պարտավորությունները, ապա հրաժարվեցին որեւէ մեկնաբանությունից՝ ընկերության գործադիր տնօրեն Միքայել Բաղդասարովի զբաղվածության պատճառով:

Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ իրենք տեղյակ են խնդրին. «Միկա Լիմիթեդ» ընկերությունը խոստացել է այս հարցը լուծել մոտակա օրերի ընթացքում: Նշենք, որ ընկերությունը այդ խոստումը տալիս է դեռ օգոստոս ամսվանից:

Հեղինե Բունիաթյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG