Մատչելիության հղումներ

Հայաստանի դպրոցները եւս դուրս չեն մնացել Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քարոզչությունից


Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ Օնիկ Վաթյանը հաստատել է, որ Հայաստանի դպրոցները եւս դուրս չեն մնացել Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քարոզչությունից:

«Դրա մեջ ոչ մի վատ բան չկա: Իսկ ո՞վ, եթե ոչ ուսուցիչը պետք է օգնի կողմնորոշվել ծնողին: Ինչու՞ մենք պետք է արգելենք, որ ուսուցիչը քննարկում կազմակերպի Սահմանադրության շուրջ ծնողների հետ», -երկուշաբթի օրը կայացած ասուլիսում հայտարարեց Վաթյանը:

Օնիկ Վաթյանը նշեց, որ սահմանադրության թեմայով զրուցել է ուսուցիչների հետ, եւ ոմանք իր հետ խոսելիս դեմ են արտահայտվել սահմանադրության փոփոխությունների նախագծին: Վարչությունը Սահմանադրության հետ կապված ոչ որեւէ հանձնարարություն է ստացել, ոչ էլ բան ունի անելու:

Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչության պետը նաեւ հայտնեց, որ շատերն առաջարկել են եւ ոչ ոք դեմ չի եղել, որ Երեւանի դպրոցները դեկտեմբերի 26-ից փետրվարի 12-ը փակվեն ձմեռային արձակուրդի համար:

Վաթյանը թվարկեց եւ պատմեց այն բոլոր միջոցառումների մասին, որ անցած եւ այս տարի իրականացվել են դպրոցներում հատկապես ձմռանը դասերի նորմալ ռեժիմ ապահովելու համար, ապա փոխանցեց, որ «միեւնույն, է չի հաջողվում դպրոցներում պահանջվող ջերմաստիճան ապահովել»:

Դա է պատճառը, որ կրթության նախարարության որոշմամբ, աշնանային ու գարնանային արձակուրդներն այսուհետ կմիացվեն ձմեռայինին, իսկ ամառային արձակուրդը կկրճատվի, այսինքն դասերը կշարունակվեն ամբողջ մայիս եւ կտեւեն մինչեւ հունիսի 10-ը: Եվ սա այն պարագայում, երբ միայն այս տարի 23 դպրոց ապահովվել է անհատական կաթսայատնով ու հիմա Երեւանի դպրոցներից 43-ը անհատական կաթսայատուն ունեն:

Քաղաքապետարանի կրթության վարչությունը դժգոհ է նաեւ դպրոցներում վաճառվող սննդի որակից, պարզապես դրանով զբաղվելու ժամանակ առայժմ չունի: Դպրոցներ են թափանցում պատահական մարդիկ եւ անհայտ ծագում ունեցող սննդամթերք են վաճառում, եւ Օնիկ Վաթյանը կոչ արեց դպրոցներին՝ աշխատել այն կազմակերպությունների հետ, որոնք գտնվում են իրավական դաշտում եւ որոնց սնունդը վերահսկվում է հակահամաճարակային տեսչության կողմից:

Նանե Աճեմյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG