Մատչելիության հղումներ

Ռոբերտ Քոչարյանը պետական այցով կմեկնի Հունաստան


Հունաստանի նախագահ Կարոլոս Պապուլիասի հրավերով Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը նոյեմբերի 9-ին եռօրյա պետական այցով կմեկնի Հունաստան: Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են արտաքին գործերի, տրանսպորտի եւ կապի, գյուղատնտեսության նախարարները, Ազգային Ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը:

Նախագահի մալո գրասենյակի փոխանցմամբ, այցի հիմնական նպատակն է խորացնել կապերը երկու երկրների միջեւ, նախանշել հայ-հունական տնտեսական փոխգործակցության առաջնային ուղղություններն ու խնդիրներն, ինչպես նաեւ կարծիքներ փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ:

Այցի ընթացքում Ռոբերտ Քոչարյանը հանդիպումներ կունենա Հունաստանի նախագահ Կարոլոս Պապուլիասի, վարչապետ Կոստաս Կարամանլիսի, խորհրդարանի նախագահ տիկին Աննա Փսարուդա Բենակիի, ինչպես նաեւ խորհրդարանական կուսակցությունների ղեկավարների հետ:

Տեղի կունենան նաեւ հայ-հունական բանակցություններ՝ ընդլայնված կազմով: Քննարկումների առանցքում կլինեն երկու երկրների միջեւ համագործակցության զարգացման հեռանկարները:

Հայաստանի նախագահը հանդիպում կունենա նաեւ Աթենքի քաղաքապետ տիկին Դորա Բակոյանի հետ, ծաղկեպսակ կդնի Անհայտ զինվորի հուշարձանին:

Աթենքում Ռոբերտ Քոչարյանը կմասնակցի Հայաստանի դեսպանության նոր շենքի բացման արարողությանը, հանդիպում կունենա հունահայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG