Մատչելիության հղումներ

Ադրբեջանի խորհրդարանական ընտրություններում հաղթել է իշխող կուսակցությունը


Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) հրապարակած նախնական արդյունքների համաձայն, կիրակի օրը Ադրբեջանում կայացած խորհրդարանական ընտրություններում հաղթել է իշխող «Ենի Ազերբայջան» (Նոր Ադրբեջան) կուսակցությունը:

Ըստ ԿԸՀ-ի նախագահ Մազահիր Պանախովի, արդեն իսկ հայտնի են Ադրբեջանի Միլլի Մեջլիսի 125 պատգամավորներից 117-ի անունները: Խորհրդարանական տեղերի մեծ մասը ստացել է իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցությունը, հաղթողների թվում են Միլլի Մեջլիսի խոսնակ Մուրթուզ Ալեսքերովը եւ Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիեւան:

Ընդդիմադիր «Ազադլիգ» դաշինքը, ըստ ԿԸՀ-ի, նույնիսկ 10 տեղ էլ չի ստացել. Մուսավաթ կուսակցությունից ընտրվել է 3 անդամ, Ադրբեջանի ժողովրդական ճակատից՝ 1, իսկ Ռասուլ Գուլիեւի Դեմոկրատական կուսակցությունից ոչ մեկը չի ընտրվել:

Ադրբեջանի ընդդիմությունը արդեն հայտարարել է, որ չի ճանաչելու ընտրությունների արդյունքը: Այս գիշեր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ընդդիմադիր 5 անդամները պահանջել են անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները:

«Ազադլիգ» դաշինքի շտաբի ղեկավարը դրանք որակել է որպես «ամենակեղծված ընտրությունները, որոնք երբեւէ տեղի են ունեցել Ադրբեջանում»: Ընդդիմության տվյալներով, ընտրությունների ընթացքում արձանագրվել է 21 հազար 104 ընտրախախտում, ոստիկանությունը միջամտել է քվեարկության գործընթացին, չի գործածվել ընտրությունների համար նախատեսված հատուկ թանաքը, ճնշում է գործադրվել ընտրողների վրա:

Ժողովրդական ճակատ կուսակցության ղեկավար Ալի Քերիմլին հայտարարել է, թե այս ընտրությունները չէին կարող արտահայտել ժողովրդի կամքը: «Ընտրությունները համատարած խախտվել են, եւ մենք նոյեմբերի 8-ից կսկսենք խախտված ընտրությունների արդյունքները չեղյալ հայտարարելու սահմանադրական խաղաղ պայքարը», - ասել է նա:

Մուսավաթ կուսակցության առաջնորդ Իսա Ղամբարը, իր հերթին, հայտարարել է, որ «տեղի ունեցավ այն, ինչ մենք սպասում էինք՝ մասայական ընտրախախտումներ»:

«Ազատություն» ռադիոկայանին հաջողվեց հեռախոսով կապվել Ադրբեջանի 125 ընտրատեղամասերում դիտորդական առաքելություն իրականացրած Հասարակական կազմակերպությունների մոնիտորինգային կենտրոնի ղեկավար Անար Մամեդլիի հետ, ով հայտնեց, որ ընտրությունները անցել են տեղական իշխանությունների ու իրավապահ մարմինների միջամտությամբ:

«Մենք կարծում ենք, որ այս ընտրությունները ոչնչով չէին տարբերվում Ադրբեջանում [2003 թվականին] տեղի ունեցած նախագահական ընտրություններից: Այս ընտրությունները դժվար է անվանել ազատ եւ արդար», - հայտարարեց Անար Մամեդլին:

Ադրբեջանում է նաեւ «Ազատություն» ռադիոկայանի աշխատակից Ռոբերտ Փարսընզը, ով հետեւել է ընտրությունների ընթացքին: Նա փոխանցեց, որ ընտրություններից հետո հանդիպել է ընդդիմության առաջնորդներից Ալի Քերիմլիի հետ: Վերջինս ընդգծել է, որ ընտրությունների ընթացքում մեծ թվով խախտումներ են տեղի ունեցել:

Փարսընզի փոխանցմամբ, ներկայումս բոլորը սպասում են ընտրությունների պաշտոնական արդյունքներին, եւ եթե ապացուցվի, որ իսկապես մեծ չափերի խախտումներ են տեղի ունեցել, ապա ոչինչ բացառել չի կարելի:

«Ընդդիմությունը ասում է, որ այդ դեպքում իրենք ժողովրդին հավաքելու են փողոցում: Կգան նրանք, թե ոչ՝ դա այլ հարց է, բայց ընդդիմությունը իսկապես պատրաստվում է շատ լուրջ գործել», - փոխանցեց «Ազատություն» ռադիոկայանի աշխատակից Ռոբերտ Փարսընզը:

Ամեն դեպքում, ըստ նրա, ընդդիմությանը շատ դժվար կլինի ապացուցել, որ ընտրախախտումները մասայական բնույթ են կրել: Հատկապես դժվար կլինի դա ապացուցել, եթե exit-poll-ի արդյունքները համընկնեն Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալների հետ:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG