Մատչելիության հղումներ

Հայկական դրամի արժեվորումը վնասում է գյուղմթերքի տեղացի արտադրողներին


Գյուղմթերք արտադրող մեր փոքր ու միջին ընկերությունների ղեկավարները խիստ դժգոհ են հայկական դրամի արժեվորումից, ինչը, նրանցից շատերի կարծիքով, արհեստածին շարժառիթներ ունի, հարմարեցված է ներմուծողների շահերին ու լրջորեն հարվածում է իրենց բիզնեսին, շահույթների փոխարեն լուրջ կորուստներ պատճառում:

Այս մտահոգությունները գործարարները այսօր հնարավորություն են ունեցել հնչեցնել են նախագահ Քոչարյանի հետ զրույցում, ով այցելել էր գյուղթերքի «Արմպրոդէքսպո – 2005» հինգերորդ ցուցահանդեսը։

«Կուրսի տատանումը շատ ուժեղ, խորը հարված է հասցնում բիզնեսի զարգացմանը», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց «Սիգարոն» ընկերության նախագահ Սեյրան Պողոսյանը:

«Ներքին շուկան պաշտպանված չէ արտաքին ներդրողներից: Դրամի կուրսի փոփոխության պատճառով, ներկրումը շատ ավելի ձեռնտու է եւ շատ շահութաբեր: Արդյունքում այսօր հյութերի առումով շուկայում տեղի արտադրողը ունի ընդամենը 20 տոկոս ծավալ, երբ կարող էր 100 տոկոսը ունենալ», - ասաց հյութեր ու պահածոներ արտադրող ու արտահանող «Եվրոթերմ» ընկերության տնօրեն Էդուարդ Ղազարյանը՝ ավելացնելով, որ նախագահի հետ զրույցում նույնպիսի փաստարկներ է ներկայացրել:

Ղազարյանը մտահոգված է Կենտրոնական բանկի կանխատեսում-գնահատականներից, թե եկող տարի դրամն էլ ավելի կամրապնդվի, եւ արդեն սկսել է հաշվել իր ապագա կորուստները:

«Քանի որ ներքին շուկայում պաշտպանված չենք, արտահանման վրա էլ դրամի կուրսի անկումը, եթե տեղական հումք ենք օգտագործելու, կազդի ահավոր ձեւով», - ասաց նա՝ բացատրելով. - «Որովհետեւ մեր պատրաստի արտադրանքի համար մենք ունենք պայմանավորված գներ, մենք նույն գնով ապրանք ենք առնում: Մեր շահույթները զրոյի կհավասարվեն»:

Գործարարների փոխանցմամբ, նախագահը այսօր խոստացել է քայլեր ձեռնարկել փոքր ու միջին բիզնեսին տրվող վարկերի տոկոսները իջեցնելու ուղղությամբ: Մասնավորապես, այդ նպատակով կօգտագործվեն Համաշխարհային բանկի 20 միլիոն դոլար գյուղատնտեսական վարկի հնարավորությունները:


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG