Մատչելիության հղումներ

«Ադրբեջանում ընտրությունների նկատմամբ հատուկ ուշադրությունը պայմանավորված է ԱՄՆ-ի եւ Եվրոպայի համար Ադրբեջանի ռազմավարական նշանակությամբ»


Ըստ ԱՄՆ-ի պետքարտուղարի նախկին օգնական Էլիզաբեթ Ջոնսի՝ հեղինակավոր «Վաշինգտոն Թայմզ» թերթում արած մեկնաբանության, Ադրբեջանում ընտրությունների նկատմամբ հատուկ ուշադրությունը պայմանավորված է Միացյալ Նահանգների եւ Եվրոպայի համար Ադրբեջանի ռազմավարական նշանակությամբ:

«Ադրբեջանի ընդդիմությունը Բաքվի արտոնված վայրերում բողոքի ակցիաներ անցկացնելու փոխարեն երթեր եւ հանրահավաքներ է կազմակերպում մայրաքաղաքի կենտրոնում՝ դրանով սադրելով իրավապահ մարմիններին: Ադրբեջանի կառավարությունը պետք է արտոնի Բաքվի կենտրոնում խաղաղ ակցիաների եւ երթերի անցկացումը», - ըստ «Թրենդ» գործակալության, կարծիք է հայտնել Էլիզաբեթ Ջոնսը:

Նա նաեւ նշել է, որ ընդլայնվող Եվրամիության սահմանին, ինչպես նաեւ Ռուսաստանի եւ Իրանի միջեւ գտնվող Ադրբեջանը իր խաղաղապահ զորքերն է տեղակայել Բալկաններում եւ Աֆղանստանում:

«Նախագահ Ալիեւի ղեկավարած հանրապետությունը արտահայտում է նվիրվածություն գլոբալ ահաբեկչության դեմ պայքարին», - շեշտել է դիվանագետը:

Մասնավորապես, 2001 թվականի սեպտեմբերի 11-ից Ադրբեջանը համագործակցում է Միացյալ Նահանգների հետ Աֆղանստան ռազմաօդային ուժերի տեղափոխման հարցում: Պաշտոնական Բաքուն ակտիվորեն համագործակցում է ԱՄՆ-ի եւ Եվրամիության հետ նաեւ ահաբեկիչների տեղափոխման կանխման հարցում, ինչպես նաեւ վավերացրել է ահաբեկչության դեմ պայքարի ՄԱԿ-ի բոլոր 12 համաձայնագրերը:

ԱՄՆ-ի պետքարտուղարի նախկին օգնական Էլիզաբեթ Ջոնսի խոսքերով, ժողովրդավարական ընտրությունների անցկացմանն ուղղված՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ջանքերը արժանանում են Միացյալ Նահանգների պաշտոնատար անձանց եւ շատ պետությունների ղեկավարների հավանությանը:

Այս տարվա հունվարին Էլիզաբեթ Ջոնսի հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ մեծ աղմուկ էր բարձրացրել Ղարաբաղում եւ Հայաստանում:

«Նախագահ Բուշին անհանգստացնում է հանգամանքը, որ Ռուսաստանը բավական ճնշում չի գործադրում Մերձդնեստրի, Հարավային Օսիայի, Աբխազիայի եւ Լեռնային Ղարաբաղի հարցերը լուծելու համար», - հունվարի 13-ին Մոսկվայի լրագրողների հետ թվային վիդեոկոնֆերանսի ժամանակ հայտարարել էր Ջոնսը: - «Հենց Ռուսաստանի շահերից է բխում, որ Մերձդնեստրը, Աբխազիան, Հարավային Օսիան եւ Լեռնային Ղարաբաղը լինեն կայուն, կոռուպցիայից զերծ եւ հեռացվեն այնտեղ իշխող քրեական անջատողականները»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG