Մատչելիության հղումներ

Այս տարվանից սկսած նոյեմբերի 4-ը Ռուսաստանում նշվելու է որպես Ազգային միասնության տոն՝ մինչ այդ նոյեմբերի 7-ին նշվող Հոկտեմբերյան հեղափոխության օրվա փոխարեն:

Նոյեմբերի 7-ը իշխանությունների որոշմամբ այլեւս չի նշվելու, թեեւ այն դեռ նախագահ Ելցինի օրոք վերանվանվել էր Համաձայնության օր: Տոներ եւ հանգստյան օրեր սիրող ռուսաստանցիներին չնեղացնելու համար իշխանությունները նոր տոն են հռչակել:

1612 թվականի նոյեմբերի 4-ին Ռուսաստանի աշխարհազորայինները՝ Մինինի եւ Պոժարսկու ղեկավարությամբ, Մոսկվայի Կրեմլը ազատագրել են զավթիչներից:

Ռուսաստանում այսօր անցնելու են մի շարք միջոցառումներ, մասնավորապես, Նիժնի Նովգորոդում բացվելու է Մինինի եւ Պոժարսկու արձանը՝ Զուրաբ Ծերեթելու ստեղծագործությունը: Բացմանը ներկա է լինելու Ռուսաստանի Պետդումայի խոսնակ Բորիս Գրիզլովը: Իսկ Մոսկվայի Սոկոլնիկի շրջանում Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին տոնին նվիրված հանրահավաք է կազմակերպելու :

Կոմունիստներն ու ժողովրդավարական դաշտի ներկայացուցիչները տոնին չեն մասնակցելու: Ի դեպ, Ազգային միասնության տոնը միանշանակ չի ընկալվում նաեւ շարքային ռուսաստանցիների կողմից:

«Ես չգիտեմ ինչ տոն է, եւ ինձ թվում է, որ սա ընդամենը փորձ է պարզապես փոխել նոյեմբերի 7-ը», - «Ազատություն» ռադիոկայանի թղթակցին մոտավորապես այսպիսի պատասխաններ էին տալիս Մոսկվայի կենտրոնական փողոցներում:

Մի երիտասարդ կին էլ ասաց, որ տոնելու է այս օրը, քանի որ կարծում է, որ Ռուսաստանի պես բազմազգ երկրի համար Ազգային միասնության օրը կարեւոր տոն է:

Թեեւ հանուն ճշմարտության պետք է ասել, որ բոլորն էլ գոհ են, որ այսօր հանգստյան օր է:


Ազա Բաբայան, Մոսկվա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG