Մատչելիության հղումներ

logo-print

«Գազի սակագինը խաղաթուղթ է, որը Ռուսաստանը կարող է օգտագործել միայն մեկ անգամ»


Ռուսաստանյան «Վրեմյա Նովոստեյ» թերթի հարցազրույցում Վրաստանի էկոնոմիկայի նախարար Կախա Բենդուկիձեն նախազգուշացրել է Ռուսաստանին գազի սակագնի թանկացման վերաբերյալ հայտարարությունները չօգտագործել քաղաքական ճնշումների համար:

«Գազի սակագինը խաղաթուղթ է, որը Ռուսաստանը կարող է օգտագործել միայն մեկ անգամ», - ըստ «Ֆրանսպրես» գործակալության, նշել է Բենդուկիձեն:

Նախարարը նաեւ սպառնացել է Վրաստանի էներգետիկ կարիքները ապահովելու նպատակով գտնել նոր մատակարարներ եւ ապամոնտաժել խորհրդային ժամանակ կառուցված գազատարը:

«Հարավային Կովկասը գազ մատակարարող Ռուսաստանի ենթակառուցվածքները այլեւս ոչ պիտանի կդառնան», - ասել է Բենդուկիձեն: - «Վատագույն սցենարի դեպքում Վրաստանը կարող է ապամոնտաժել իր տարածքով անցնող գազատարը, որով գազ է մատակարարվում Կովկասում պաշտոնական Մոսկվայի ամենահավատարիմ դաշնակից Հայաստանին»:

Հաջորդ տարվանից Վրաստանը մտադիր է սկսել գազի մեծ ծավալների ներմուծում Ադրբեջանից: Վերլուծաբանները, սակայն, թերահավատորեն են վերաբերում Վրաստանի՝ ռուսական գազի ներմուծումից հրաժարվելու հնարավորությանը:

Ռուսաստանի պաշտոնյաները բազմիցս հայտարարել են, որ Ռուսաստանը մտադիր է Վրաստանին եւ Ուկրաինային մատակարարվող գազի սակագինը աստիճանաբար հասցնել եվրոպականի. 2006 թվականից սակագինը պետք է լինի 110 դոլար 1000 խորանարդ մետրի դիմաց (ներկայիս 60 դոլարի փոխարեն):

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG