Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Այսօրվա թերթերում հիմնական թեման շարունակում են մնալ Սահմանադրության բարեփոխումներն ու դրա շուրջ քննարկումները: «Հայոց աշխարհ»-ի տեղեկացմամբ, «ոչ»-ի կողմնակիցների թիվը օրերս համալրվել է եւս մեկով. Մարքսիստական կուսակցության ղեկավար Դավիթ Հակոբյանը տոտալ բոյկոտ է հայտարարել սահմանադրական բարեփոխումներին՝ հետեւյալ պատճառաբանությամբ. - «Նախագահի թեկնածուն ընտրություններում պիտի գրավ մուծի նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով՝ 150 հազար դոլար։ Սա այն դեպքում, որ եթե 5 տարի նախագահ աշխատես, 50 հազար դոլար ես ստանալու իբրեւ աշխատավարձ»։ «Ահա այստեղ է կոռուպցիայի սաղմը», - եզրափակել է Հակոբյանը։

«Առավոտ»-ի թղթակիցը հանդիպել է տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանին: «Ըստ շրջանառվող լուրերի, դուք եք սահմանադրական փոփոխությունների համակարգող շտաբի ստվերային ղեկավարը եւ իրականում դուք եք համակարգում հանրաքվեի ողջ գործընթացը», - նկատել է լռագրողը, ինչին ի պատասխան նախարարը նշել է. - «Ես չգիտեմ, թե որտեղ են նման լուրեր շրջանառվում: Կոալիցիան ներկայացրել է սահմանադրական փոփոխությունների նախագիծ, եվրոպական փորձագիտական կառույցները նախագծին տվել են դրական գնահատական, եւ այդ նախագծում, ի դեպ, հաշվի են առնված ընդդիմության բոլոր սկզբունքային առաջարկները: Այժմ մնում է ճիշտ կազմակերպել նախագծի լայն հասարակական իրազեկումը, եւ բնական է, որ ես, որպես համակարգող նախարար, օրենքի շրջանակներում աջակցելու եմ հանրաքվեի կազմակերպման համակարգող շտաբին՝ անկախ նրանից, թե ով այդ աշխատանքին ինչ ձեւակերպում կտա»:

«Եթե անգամ առաջարկվող նախագիծն առաջընթաց է, ապա անցումային հոդվածներից պարզ է դառնում, որ առաջընթաց ապահովող դրույթները ուժի մեջ են մտնելու միայն հաջորդ ԱԺ ընտրություններից հետո: Այս դեպքում էլ ի՞նչ ռեալ առաջընթացի մասին կարող է խոսք լինել», - հարցրել է «Հայկական ժամանակ»-ի թղթակիցը «այո»-ի շտաբին միացած Քրիստոնեա-դեմոկրատական միության նախագահ Խոսրով Հարությունյանին: «Իհարկե, այս փաստաթուղթը կյանքի կոչվելու ավելի մեծ հնարավորություններ կարող էր ունենալ, որը ցավոք մենք բաց ենք թողնում», - ասել է Հառությունյանն ու նկատել. - «Ե’վ իշխանությունները, ե’ւ ընդդիմությունը այս հարցի շուրջ բանակցելու շանս ունեին, բայց երկուսն էլ այդ հնարավորությունը բաց թողեցին, քանի որ նրանցից ոչ մեկը բանակցելու անհրաժեշտություն չուներ: Թե’ քաղաքական մեծամասնությունը, թե’ ընդդիմությունը առաջնորդվում են մեկ սկզբունքով՝ ուժն է ծնում իրավունք: Իսկ այդ պարագայում ժողովրդավարության մասին խոսք լինել չի կարող»:

«Կատարյալ Սահմանադրություն չի կարող լինել, եւ մենք, ինչպես ցանկացած քաղաքակիրթ երկիր, վերջին անգամ չենք ձեռնամուխ լինում հիմնական օրենքի բարեփոխման գործընթացին», - «Հայոց աշխարհ»-ին տված հարցազրույցում նշել է «այո»-ի մեկ այլ կողմնակից՝ «Արցախ» հայրենակցական միության նախագահ, պատգամավոր Համլետ Հարությունյանը: Անդրադառնալով բարեփոխված տարբերակում ամրագրված՝ նախագահի անձեռնմխելիության դրույթին, պատգամավորը նկատել է. - «Վստահ եմ, որ որեւէ հայի մտքի ծայրով անգամ չի կարող անցնել, թե Ռոբերտ Քոչարյանը ընդհանրապես անձեռնմխելության կարիք է զգում»:

«Ազնիվ պետք է լինել» վերտառությամբ հոդվածում «Հայկական ժամանակ»-ի թղթակիցը փորձում է պարզել՝ արդյո՞ք գաղափարապես ճիշտ է պնդումը, որ Հայաստանի երրորդ հանրապետությունը պարտավոր է վերադարձնել խորհրդային խնայբանկում ներդրված ավանդները: «Իրավունք ունի՞ արդյոք մեր այսօրվա պետությունը հարկատուից հարկ վերցնել, որպեսզի փոխհատուցի այլեւս գոյություն չունեցող մեկ այլ պետության ստանձնած պարտավորությունները: Միանշանակ՝ ոչ», - եզրակացնում է հոդվածագիրը՝ փաստարկելով. - «Քանի որ մենք բոլորս մեր ավանդը ունենք այդ պետության ոչ միայն կառուցման, այլեւ կործանման գործում»: «Սակայն ավանդների փոխհատուցումը մեր նորագույն պատմության պոպուլիզմի ամենամեծ դրսեւորումն է դարձել: Քաղաքական գործիչներից շատ-շատերը համոզված են, որ ավանդները փոխհատուցման ենթակա չեն, սակայն այսքան տարիներ պոպուլիստական գաղափարներ ներարկելուց հետո վախենում են, թե իրենց շպրտած բումերանգը ետ կգա», - գրում է թերթը:

«Հարկ վճարելիս 3-րդ տեղում են, ավելացված արժեքի դեպքում՝ 2-րդ, իսկ շահույթ ստանալիս՝ չգիտեմ որերորդ», - «Առավոտ»-ի թղթակցի հետ զրույցում նեղսրտել է Հայռուսգազարդի տնօրեն Կարեն Կարապետյանը: Անդրադառնալով այս ոլոտում զբաղեցրած մենաշնորհային դիրքին՝ Կարապետյանը նշել է.- «Կա շուկա, որը իրականում բազար է... Մենք ի սկզբանե դեմ ենք եղել մեր այս մոնոպոլ կարգավիճակին»:

Անդրադառնալով 2006 թվականի պետական բյուջեին՝ «Հայկական ժամանակ»-ը նկատել է, որ հաջորդ տարվա գլխավոր ֆինանսական փաստաթուղթը նախատեսում է երկրի նախագահի աշխատակազմի մեքենաների թիվն ավելացնել 23 բեռնատարով: «Նախագահականի ինչի՞ն են պետք բեռնատարները» հարցին Հայաստանի նախագահի խորհրդական Գառնիկ Իսագուլյանը անկեղծորեն խոստովանել է. - «Հայրենիքի փողերը դուրս տանելու համար»:


Հեղինե Բունիաթյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG