Մատչելիության հղումներ

Համաշխարհային բանկ.«Աղքատության կրճատման համար անհրաժեշտ են աշխատատեղեր»


Համաշխարհային բանկը երեքշաբթի օրը տարածել է Արեւելյան Եվրոպայում եւ նախկին խորհրդային հանրապետություններում աշխատանքի շուկային նվիրված զեկույց, ըստ որի «գործազրկությունը եւ աղքատությունը կարող են նվազել միայն շուկայական բարեփոխումների իրագործման եւ ներդրումային կլիմայի բարելավման դեպքում»:

«Ֆրանսպրես» գործակալության փոխանցմամբ, անցումային տնտեսությամբ 27 պետություններին վերաբերող զեկույցում նշվում է, որ Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) երկրներում զբաղվածության խնդիրը ավելի շատ պայմանավորված է աշխատանքի որակով. աշխատանքը «քիչ արդյունավետ է ու այդ պատճառով՝ ցածր վճարվող»:

ԱՊՀ ցածր եկամուտ ունեցող երկրներին, այդ թվում նաեւ Հայաստանին, զեկուցի հեղինակները հորդորում են շարունակել ընթացքը դեպի շուկայական տնտեսություն եւ նվազեցնել նոր բիզնես բացելու հետ կապված ռիսկերը:

«Քանի որ հիմնական աշխատատեղերը բացում են նորաստեղծ, փոքր մասնավոր ընկերությունները, այդ երկրների կառավարությունները պետք է խթանեն բիզնեսի համար բարենպաստ պայմանների ստեղծմանն ուղղված բարեփոխումները: Աշխատատեղերի ստեղծման քաղաքականությունը եւ աշխատողների վերապատրաստման ծրագրերը գործազրկության հիմնախնդիրները լուծելու համար բավական չեն», - ասել է զեկույցի համահեղինակ Ստեֆանո Սկարպետան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG