Մատչելիության հղումներ

AXA-ն հայտարարում է, թե գումարների վճարումը «քաղաքական ենթատեքստ» չունի


Ֆրանսիական AXA ապահովագրական ընկերությունն այսօր հայտարարել է, որ 0սմանյան կայսրությունում սպանված հայերի ժառանգներին փոխհատուցելու իր որոշումը որեւէ քաղաքական ենթատեքստ չունի, եւ դա չի նշանակում, թե այդ քայլով AXA-ն դարասկզբին տեղի ունեցածը որակում է ցեղասպանություն:

«Այստեղ գործ ունենք միմիայն մեր պարտավորությունները կատարելու հետ. պարտավորություններ, որոնք բխում են չվճարված ապահովագրական պայմանագրերից», -ասված է ընկերության՝ այսօր տարածած հայտարարության մեջ:

Թուրքիայի բանակի կենսաթոշակային հիմնադրամը՝ Աքսայի գործընկեր «0յաք»-ը, դատապարտել էր այս որոշումը: Երեկ Թուրքիայի քաղծառայողների խոշոր ու ազդեցիկ արհմիությունը՝ Մեմուր Սենը, AXA-ի հետ համագործակցության բոյկոտ հայտարարեց:

Ըստ Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգների հավաքական շահերը ներկայացնող փաստաբանների հետ ձեռք բերված համաձայնության, AXA-ն վերադարձնելու է մինչեւ 1915 թվականը Թուրքիայում ընկերության կողմից ապահովագրված, իսկ հետագայում Ցեղասպանության զոհ դարձած մարդկանց ապահովագրական գումարները:

Ընկերությունը ընդհանուր առմամբ հատկացնեկու է 17 միլիոն դոլար, որից 3 միլիոն դոլարը տրամադրվելու է Ֆրանսիայում գործող հայկական բարեգործական ընկերություններին: Եվս 3 միլիոն դոլար հատկացվելու է դատական ծախսերը հոգալու, ինչպես նաեւ զոհվածների ժառանգներին փոստով ծանուցումներ ուղարկելու եւ գործը ընդհանրապես գովազդելու համար: Ապահովագրական գումարները վերադարձնելուն հատկացվելու է 11 միլիոն դոլար:


Ռուզան Խաչատրյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG