Մատչելիության հղումներ

Աճում է Լոս Անջելեսում հայկական ընտրովի մարմին հիմնելու գաղափարի կողմնակիցների թիվը


Լոս Անջելեսում հայկական ընտրովի մարմին հիմնելու գաղափարը առաջ է ընթանում եւ դրա շուրջ համախմբվում են ավելի մեծ թվով հայեր:

Հայ համայնքին ուղղված նախաձեռնող խմբի՝ այսօր հրապարակված նամակում ասված է, որ Հայաստանից հետո հայության թվով երկրորդը համարվող Լոս Անջելեսում ընտրովի մարմնի նպատակն է լինելու ընդհանուր համայնքի շահերը ներկայացնելը:

Նամակի հեղինակները բողոքում են, որ Հայաստանի անկախացումից հետո անցյալ եւ ներկա իշխանությունները սփյուռքահայությանը ոչ միայն չեն ճանաչում հայրենիքի քաղաքացիներ, այլեւ իրենց վարած քաղաքականությամբ նպաստում են երկրից շարունակվող արտագաղթին:

«Սփյուռքահայությունը, որն ըստ էության հայության ամենահզոր ներուժն է, անտեսվում է եւ արհամարհվում իշխանությունների կողմից: Ոմանք համայնքները անվանում են «գաղութ» ստորացուցիչ բառով, վերջերս էլ, թերթերից մեկի բնորոշմամբ՝ գետտո: Եկել է գաղութի եւ գետտոյի ճիրաններից մեր ձայնը լսելի դարձնելու ժամանակը», - ասված է նամակում:

Հեղինակները պնդում են, որ սփյուռքահայ համայնքում ապրող յուրաքանչյուր հայ՝ անկախ կուսակցական, կրոնական եւ սոցիալական պատկանելությունից, կարող է ժողովրդի քվեն ստանալով, ընտրվել եւ մաս կազմել առաջարկվող կառույցին:

Նամակը Լոս Անջելեսի հայությանը կոչ է անում համախմբվել այս գաղափարի շուրջ, հակառակ դեպքում, ասված է նամակում, դաշտը զբաղեցնում են «ինքնակոչ բախտախնդիրներ եւ խմբավորումներ, որոնք ժողովրդի անունից հանդես գալով, իրականում հետապնդում են անձնական կամ խմբակային շահեր»:

«Ստեղծվել է նախաձեռնող խումբ, որի դռները բաց են գործի հաջողությամբ շահագրգռված ցանկացած հայորդու առջեւ», - նշվում է ուղերձում:

Տեղի շատ հայեր ոգեւորված են այս գաղափարով, եւ նրանց թիվն աճում է: Ոմանք էլ կարծում են, որ սա կարող է պարզապես մեկով ավելացնել հայկական կազմակերպությունների թիվը:


Արամ Վանեցյան, Լոս Անջելես

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG