Մատչելիության հղումներ

logo-print
Հայաստանի Հանրապետության խորհրդարանի 15-ամյակին նվիրված միջոցառումները երեքշաբթի օրը մեկնարկեցին միջազգային խորհրդաժողովով, որին մասնակցեցին 22 երկրներից ժամանած շուրջ 90 պատվիրակներ՝ խորհրդարանների նախագահներ, փոխնախագահներ, պատգամավորներ, միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ:

«Ես համաձայն եմ, որ մեր ժողովրդավարությունը դեռեւս երիտասարդ է: Բայց երիտասարդ լինել, չի նշանակում լինել դիլետանտ: Մենք համաշխարհային հանրությանը պետք է ներկայանանք մեր մոտեցումներով եւ յուրացնենք այլ երկրների արժեքավոր փորձը», - ողջունելով խորհրդաժողովի մասնակիցներին՝ ասաց Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը՝ որպես ասվածի ապացույց մատնանշելով Սահմանադրական բարեփոխումների գործընթացը:

Իր ելույթում Եվրամիություն - Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Մարի-Անն Իսրել Բեգինը մեր երկրում կուսակցությունների չկայացվածության միակ խնդիրն այսպես ձեւակերպեց. - «Կուսակցությունների խնդիրն այն է, որ մեկ լիդերի շուրջ են համախմբվում, եւ ոչ գաղափարի»:

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահի տեղակալ Բեռնարդ Շրայները իր խոսքում հույս հայտնեց, թե «Հայաստանն առաջիկայում կհաջողի վերակառուցել կորցրած ժողովրդավարության հիմքերը» եւ առիթը բաց չթողեց սահմանադրական հանրավքեում «այո»-ն քարոզելու համար:

«Կուզեի, որ ձեր ժողովրդի մեծ մասը գնա եւ կողմ քվեարկի հանրաքվեին», - ասաց նա:

Եվրոպացի պաշտոնյաների արտահայտած դրական կարծիքները սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ արժանանում են հայաստանյան ըննդիմության բացասական արձագանքին: Ընդդիմադիրները դա համարում են միջամտություն Հայաստանի ներքին գործերին: Լրագրողների այդ դիտարկմանն ի պատասխան Շրայները ասաց. - «Մենք էլ Ֆրանսիայում հաճախ հիմնվում ենք օտարների խորհրդի վրա: Դա պետք է ընդունել ոչ թե իբրեւ քարոզչություն,այլ ընդամենը որպես խորհուրդ»:

Երբ, սակայն, հարց հնչեց, թե ի՞նչ կարծիքի է այն կապակցությամբ, որ վերջերս ավարտված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում մարդասպանները (Նոր Հաճընի քաղաքապետը) եւ հոգեկան հիվանդի փաստաթուղթ ունեցողներն (Գյումրիի քաղաքապետը) են ընտրվում, Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահը պատասխանեց, թե Եվրոպան «չի ուզում խառնվել Հայաստանի ներքին գործերին»:

Խորհրդարանի 15-ամյակի միջոցառումների շրջանակներում այսօր Ազգային ժողովի նախագահը նաեւ մի շարք հանդիպումներ է ունեցել Հայաստան ժամանած պատվիրակությունների անդամների հետ:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG