Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Ինչքան մոտենում է նոյեմբերի 27-ը, այնքան, բնականաբար, շիկանում են հանրաքվեի շուրջ եռացող կրքերը. իշխանությունն անում է իր անելիքը, ընդդիմությունը՝ իր։ Սակայն այդ ամենի վրա էապես կարող է իր կնիքը թողնել արտաքին քաղաքական միջավայրը», - գրել է այսօրվա «Իրավունք»-ն ու որպես այդ արտաքին ազդակներից մեկը առանձնացրել Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի՝ Իսրայելը աշխարհի երեսից ջնջելու սպառնալիքը։

Անդրադառնալով Հայաստանի պաշտպանության նախարարի ամերիկյան այցին՝ նույն թերթը նկատել է, թե Վաշինգտոնն այժմ առավելագույնս զիջումներ է ձգտում կորզել Հայաստանի իշխանություններից ընդամենը այն բանի դիմաց, որ ընդդիմությանը չի աջակցելու սահմանադրական հանրաքվեն հեղափոխության առիթ դարձնելու հարցում։ «Իրավունք»-ը նկատել է, թե Վաշինգտոնում հույս ունեն, որ 2006-ի եթե ոչ սկզբին, ապա գոնե կեսերին արդեն ունենալու են պաշտոնական Երեւանի ստորագրությունները ղարաբաղյան կարգավորման փաստաթղթի տակ։

Սահմանադրական հանրաքվեին ընդառաջ Ազգային ժողովի փոխխոսնակ Տիգրան Թորոսյանը «Հայոց աշխարհ»-ին տված հարցազրույցում կարծիք է հայտնել թե, այսօր ստեղծված իրադրությունը շատ լավ հնարավորություն է ստեղծում դրական ընթացքով եւ արդյունքներով անցկացնել հանրաքվեն։ «Դրանով Հայաստանը իսկապես կկտրի այն անտեսանելի թելը, որով մեզ ու Ադրբեջանին սիամական երկվորյակների պես շարունակ կապում են իրար՝ տարբեր միջազգային կառույցներում դնելով նույն հարթության վրա», - նկատել է փոխխոսնակը՝ հավելելով. - «Ինչպիսին էլ լինի Բաքվում ընտրարշավի հետագա ընթացքը եւ ընտրությունների արդյունքները, անցած ժամանակահատվածն արդեն ցույց տվեց, որ այդ ընտրությունները հազիվ թե համարվեն համապատասխանող ժողովրդավարության եվրոպական չափանիշներին»։

Եվս մեկ «անվտանգ բողոք» որակելով Կամերային երաժշտության տան շուրջ կառուցվող զվարճավայրերի շինարարության դեմ մի խումբ մտավորականների բողոքը՝ «Առավոտ»-ն այսօր նկատել է,
թե Կամերայինի կողքի սրճարանների դեմ բողոքել կարելի է, բայց երբ օրը ցերեկով մարդկանց հանում են իրենց տներից՝ «պուզատիների» կարիքների համար «իրացնելով» այդ տարածքները, այդ կապակցությամբ ոչ մի մտավորական Բյուզանդի փողոցում բողոքի ցույց չէր անում, երբ նախագահի թիկնապահը մարդ էր սպանել, երբ հեռուստաընկերություն էր փակվում, երբ ընդդիմության ցույցի մասնակից 18 տարեկան աղջկան խոշտանգում էին քաղմասում՝ այդ ամենի դեմ նշված մտավորականները չէին բողոքում: «Որովհետեւ վտանգավոր էր», - շեշտել է «Առավոտ»-ը: - «Հիմա էլ սահմանադրական փոփոխություններին «ոչ» ասելն է վտանգավոր: Ուստի ստեղծագործական միությունների վերնախավը անցյալ շաբաթ հավաքվեց Ծաղկաձորում ու իր «ադաբրյամսն» ասաց: Եվ պարզ էլ չէ՝ այդ «ադաբրյամսը» նրանք բոլո՞ր գրողների, կոմպոզիտորների ու նկարիչների կողմից են ասել, թե՞ անձամբ իրենց անունից»:

«Ինչո՞ւ չեն իջնում բենզինի գները». այս հարցն է այսօր տվել «168 ժամ» շաբաթաթերթը՝ վկայակոչելով Մաքսային ծառայության իր աղբյուրները, թե վերջերս մաքսանենգ ճանապարհով բենզինի մեծ խմբաքանակ է ներկրվել հանրապետություն։ Թերթը փոխանցել է, թե ցուցում է տրված այդ բենզինի վաճառքից ստացված գումարներն օգտագործել սահմանադրական փոփոխությունների «այո»-ի քարոզարշավի նպատակով. - «Հավանաբար, այդ պատճառով է, որ հանրապետությունում բենզինի գները չեն իջնում, չնայած աշխարհում օգոստոսյան բարձրացումներից հետո բենզինի գները սկսել են նվազել ու վերադառնալ օգոստոսյան մակարդակին»։

Նույն շաբաթաթերթը հետադարձ հայացքով փոխանցում է ֆրանսիական աղբյուրների հաղորդումը, թե 1998 թվականին Երեւանի կոնյակի գործարանի գնման համար «Պեռնո Ռիկար» ընկերությունը նախատեսել էր 70 միլիոն դոլար։ «Սակայն, ինչպես հայտնի է, Հայաստանի իշխանություները գործարանը վաճառեցին ընդամենը 28 միլիոն դոլարով», - գրել է շաբաթաթերթն ու նկատել, որ մինչեւ 1999 թվականը Ֆրանսիայում գործող օրենքներով ֆրանսիական ընկերությունները կարող էին իրենց հաշվապական ձեւակերպումներում օրինականացնել այն կաշառքը, որ տրվել է արտասահմանյան որեւէ ընկերության կամ պետության գործարքը շահելու համար։ Նրանց, ովքեր ցանկանում են բացահայտել կոնյակի գործարանի սեփականաշնորհման գաղտնիքը, «168 ժամ»-ը խորհուրդ է տվել ծանոթանալ «Պեռնո Ռիկար»-ի 1998 թվականի հաշվետվությանը։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG