Մատչելիության հղումներ

Եվրամիությունը 150-կետանոց պահանջների ցուցակ է ներկայացնելու Թուրքիային


Բրիտանական «Ֆայնենշլ թայմս» թերթի թղթակիցների պնդմամբ, այս ամիս Եվրամիությունը Թուրքիային ներկայացնելու է 150 կետից բաղկացած մի ցուցակ եւ զգուշացնելու է, որ եթե Թուրքիան ուզում է անդամակցել Եվրամիությանը, պետք է երկու տարում կատարի այդ պահանջները: Լոնդոնում լույս տեսնող թերթի թղթակիցները պնդում են նաեւ, թե անձամբ տեսել են փաստաթղթի նախագիծը:

«Ֆայնենշլ թայմս»-ի վկայությամբ, Թուրքիային ներկայացվելիք պահանջների թվում են. կտտանքների վերացումը, ռազմական եւ պաշտպանական քաղաքականության վերահսկումը խորհրդարանի կողմից, դատաիրավական համակարգի անկախությունը եւ այլն:

Ըստ բրիտանական թերթի, փաստաթղթում ամրագրված է նաեւ, որ «Թուրքիան պարտավոր է ընդունել այնպիսի օրենք, որը համապարփակ կերպով կարգավորի այն բարդությունները, որոնք ծառացած են ոչ մահմեդական կրոնական փոքրամասնությունների եւ համայնքների առջեւ":

Թերթը ոչինչ չի հայտնում այն մասին, թե արդյո՞ք Թուրքիային ներկայացվելիք պահանջների շարքում են Հայաստանի շրջափակման վերացումը եւ Հայոց ցեղասպանության ճանաչումը:


«Ֆայնենշլ թայմս»-ը փաստում է, որ Եվրամիության ընդարձակման հարցերով հանձնակատար 0լի Ռենը «անհանգստությամբ սպասում է թուրք գրող 0րհան Փամուկի դատավարությանը»:

«Եթե Փամուկը դատապարտվի, շատ պաշտոնյաների կարծիքով, դա կլինի ամենամեծ ճգնաժամը Թուրքիայի անդամակցության ճանապարհին», - գրում է թերթը:

«Ֆայնենշլ թայմս»-ի ընդհանուր եզրակացությամբ՝ փաստաթուղթը «վկայում է, որ բանակցությունները Թուրքիայի հետ շատ ավելի կոշտ են լինելու, քան սպասվում էր»:


Արմեն Դուլյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG