Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ Մինսկի խումբը մշակել է նոր առաջարկներ


Հոկտեմբերի 24-ից 25-ը Վաշինգտոնում կայացել է Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբի համանախագահներ Սթիվեն Մաննի (ԱՄՆ), Բերնար Ֆասիեի (Ֆրանսիա) եւ Յուրի Մերզլյակովի (Ռուսաստան) հանդիպումը, որի ընթացքում մշակվել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններին ներկայացվելիք մի քանի նոր առաջարկներ:

Բաքվի «525-րդ թերթ»-ի փոխանցմամբ, ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը հայտնել է, որ նոր առաջարկներն արդեն համաձայնեցված են եւ առանձին-առանձին կներկայացվեն Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Վարդան Օսկանյանին եւ Էլմար Մամեդյարովին՝ դեկտեմբերի 4-ից 5-ը Սլովենիայի մայրաքաղաք Լյուբլյանայում կայանալիք ԵԱՀԿ արտգործնախարարների տարեկան խորհրդակցության ընթացքում:

«Առայժմ հայտնի չէ՝ կհանդիպե՞ն արդյոք արտգործնախարարները Լյուբլյանայում: Դա կախված կլինի նրանց հետ մեր առանձնազրույցների արդյունքներից», - նշել է Յուրի Մերզլյակովը:

Մերզլյակովը հաստատել է, որ համանախագահների հերթական այցը տարածաշրջան կկայանա դեկտեմբերի կեսին: Անդրադառնալով բանակցությունների սառեցման մասին հայտարարություններին՝ նա նշել է, որ բանակցություններում դադարը համաձայնեցված է. - «Նախագահների՝ Կազանում կայացած հանդիպման ընթացքում համաձայնություն էր ձեռք բերվել մի քանի ամսով դադար վերցնել եւ վերլուծել մինչ այդ կայացած բանակցությունները»:

Թերթը նաեւ նշում է, որ որոշ քաղաքագետներ եւ վերլուծաբաններ հնարավոր են համարում ԵԱՀԿ Մինսկի խմբի ակտիվացումը հաջորդ տարվա սկզբին: Նրանք նաեւ չեն բացառում, որ համանախագահների հերթական առաջարկները որոշակիորեն տարբերվեն նախկիններից, եւ բանակցային գործընթացում հաջողվի բեկում մտցնել:

Վերլուծաբանների կարծիքով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նոր առաջարկները, ամենայն հավանականությամբ, հիմնված կլինեն կարգավորման հին տարբերակներից մեկի վրա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG