Մատչելիության հղումներ

logo-print
Հայաստանյան ընդդիմությունը ժողովրդի հետ հանդիպումները այսօր իր համար միակ հնարավոր քարոզչության ձեւն է համարում: Այն ունի ֆինանսական միջոցներ, որոնք կուտակվում են հանրաքվեի «ոչ»-ի քարոզչության համար բացված հաշվեհամարում, սակայն հեռուստաեթերի հնարավորություն հեռուստաընկերությունները առայժմ չեն տալիս:

ՀԺԿ ղեկավար անդամներից պատգամավոր Գրիգոր Հարությունյանի հավաստմամբ, իրենց շարունակ խորհուրդ են տալիս սպասել:

Պատգամավորի խոսքերով, իրենց հանդիպումների ժամանակ մարդկանց սակավությունը պայմանավորված է նրանով, որ մարդկանց նկատմամբ «կան ճնշումներ»:

Ընդդիմադիր «Ազգային միաբանության» առաջնորդ Արտաշես Գեղամյանի խոսքերով, «խոչընդոտները նույնպես ի օգուտ ընդդիմության են աշխատում»:

«Տապալվել են իրենք, եւ իրենք շատ լավ հասկանում են դա», - հայտարարեց Գեղամյանը: - «Ի՞նչն էր խանգարում՝ երեք ժամ տալ դիմադիրներին, գեթ մեկ ժամ տալ ընդդիմությանը»:

«Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանին հաճախակի հանդիպումները բնակչության հետ բերել են եզրահանգման, որ «ոչ»-ի քարոզչության կարիք առանձնապես չկա: Իշխանությունների ամենօրյա եթերի շահագործունը բնակչության մոտ այդ զգացողությունն արդեն իսկ ամրապնդել է:

«Հասարակությունը այսպես թե այնպես տրամադրված է ոչ-ի», - փաստարկեց նա: - «Գալուստ Սահակյանի կամ Տիգրան Թորոսյանի կամ Գառնիկ Իսագուլյանի «այո»-ի քարոզչությունը միանշանակ ի օգուտ է ընդդիմությանը», - ասաց Արամ Սարգսյանը:

Քարոզչության պայմանների անհավասարության մասին է վկայում նաեւ օրեցօր սնկի նման աճող «այո»-ի բանակի կողմնակիցների թիվը: Մտավորականներին այս ամենի մեջ ներքաշելը, Գրիգոր Հարությունյանի համոզմամբ, անբարոյական է:

«Տարիքն առած այդ մարդկանց կյանքի մայրամուտն էլ չեն թողնում արժանապատիվ ապրեն», - ասաց Հարությունյանը:

Սահմանադրական «այո»-ի քարոզչության շտաբի ղեկավար Մհեր Շահգելդյանը այս ամենին հակադարձելով՝ ասաց, թե հեռուստաընկերությունները «իրենք կազմակերպում են իրենց հաղորդումները եւ իրենք են հրավիրում քաղաքական գործիչների կամ մասնագետների»:

«Այսօր հեռուստաընկերությունները իրենք են վարում իրենց քաղաքականությունը, առաջարկում են իրենց հաղորդումները, իրենք են հրավիրում մարդկանց», - հավելեց Շահգելդյանը:


Աստղիկ Բեդեւյան եւ Աննա Սաղաբալյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG