Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


(Շաբաթ, 29-ը հոկտեմբերի)

Հայ առաքելական եկեղեցու Երուսաղեմի պատրիարքարանի «Ժառանգավորաց» հոգեւոր վարժարանում «նարնջագույն հեղափոխություն» է տեղի ունեցել», - ավետում է «Հայկական ժամանակ»-ը: Թերթի փոխանցմամբ, վարժարանի աշակերտները ծեծի են ենթարկել իրենց տեսուչ, ծայրագույն վարդապետ Պարետ Երեցյանին եւ նրան վտարել վարժարանից: «Աշակերտների համբերության բաժակը լցվել է այն ժամանակ, երբ ծայրագույն վարդապետը նախօրեին սկսել է փայտով ծեծել աշակերտներից մեկին եւ նրան անասելի տառապանքներ պատճառել: Այս բանից հետո աշակերտները որոշել են պաշտպանել իրենց ընկերոջը եւ վերջնականապես ազատվել բռնակալից», - գրում է «Հայկական ժամանակ»-ը՝ տեղեկացնելով. - «Երեկ արդեն Երուսաղեմի Հայոց պատրիարք Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանը, այլընտրանք չունենալով, Պարետ Երեցյանին տեսուչի պաշտոնից ազատելու հրաման է ստորագրել: Երուսաղեմում ստեղծված վիճակի կապակցությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում երեկ նաեւ շտապ խորհրդակցություն է հրավիրվել»:

«ԱՄՆ-ի Կառնեգի համալսարանում ի պատասխան թուրք-ամերիկյան ասոցիացիայի ներկայացուցչի հարցին, թե ինչպե՞ս աշխարհը ճանաչի Արցախի անկախությունը, եթե Հայաստանն ինքը դա չի անում, Հայաստանի պաշտպանության նախարարն ասել է. - «Մենք դա չենք անում, եւ դա մեր կողմից փոխզիջում է: Փոխզիջում է նաեւ այն, որ այժմ Հայաստանը հայտարարում է, որ համաձայն է Լեռնային Ղարաբաղի տարածքում կրկնակի, այսինքն երկրորդ անգամ հանրաքվե անցկացնելուն». – մեջբերելով սա՝ «Հայկական ժամանակ»-ը եզրահանգում է. - «Սերժ Սարգսյանը հրապարակայնորեն խոստովանել է, որ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման բանակցային գործընթացում քննարկվում է Լեռնային Ղարաբաղում որոշ ժամանակ անց կարգավիճակի հարցով հանրաքվե անցկացնելու հարցը»:

«Եթե «Իրավական ակտերի մասին» օրենքը լուրջ ուսումնասիրենք, կտեսնենք, որ իրավական ակտերի փոփոխությունն ուրիշ բան է նշանակում. մեզ տալիս են մի հոդված եւ ասում են, որ կոնկրետ այդ հոդվածում ավելացված կամ փոփոխված է այս բանը: Բայց հիմա փոփոխել են ողջ Սահմանադրությունը», - «168 ժամ»-ում մեկնաբանում է ՀՀՇ վարչության փոխնախագահ Անդրանիկ Հովակիմյանը: - «Այս ամենի արդյունքում Ռոբերտ Քոչարյանը հնարավորություն կունենա եւս երկու անգամ առաջադրվել ՀՀ նախագահի պաշտոնում»:

Անդրադառնալով եվրոպական կառույցների հասցեին հնչող մեղադրանքներին, թե նրանք «չարտոնված քարոզչությամբ» են զբաղվում, արձանագրելով, որ սահմանադրական բարեփոխումների նախագիծը համապատասխանում է ժողովրդավարության չափանիշներին՝ «Հայոց աշխարհ»-ի մեկնաբանը հնչեցնում է. - «Նույն տարամաբանությամբ, կարել էր պնդել, թե Վենետիկի հանձնաժողովը չպետք է հրապարակեր իր դրական եզրակացությունը հանրաքվեի դրվող սահմանադրական փաթեթի վերաբերյալ»:

«Հայաստանի սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ Վենետիկի հանձնաժողվի վերջին լիագումար նիստում ընդունված եզրափակիչ կարծիքում նշված է, որ ոչ միայն մեծամասնությունը, այլ նաեւ ընդդիմությունը պետք է ապացուցի փոխզիջումների գնալու իր կարողությունը՝ հասնելու կառուցողական քաղաքական մթնոլորտի ձեւավորմանը, ինչի շնորհիվ միայն հնարավոր կդառնա Հայաստանում ժողովրդավարության հաստատումը», - մատուցում է «Առավոտ»-ը: Նույն փաստաթղթից «Չորրորդ իշխանություն»-ում մեջբերված է. - «Սահմանադրական բարեփոխումների հաջողությունը կախված է Հայաստանի քաղաքական ընտրախավի հասունության աստիճանից»:

Ընդդիմադիրների քարոզարշավին հետեւող «Առավոտ»-ի թղթակցի գնահատմամբ, սահմանադրական հանաքվեի «ոչ»-ի քարոզումն «առայժմ աշխատում է հօգուտ ընդդիմության». - «Այն Ստեփան Դեմիրճյանի եւ «Արդարություն» դաշինքի համար վերածվել է յուրօրինակ նախագահական քարոզչության, քանի որ ՀԺԿ նախագահին ամենուրեք ընդունում են որպես նախագահ»:

Արձագանքելով սահմանադրական փոփոխությունների դեմ 17 կուսակցությունների համատեղ հայտարարությանը՝ «Հայոց աշխարհ»-ի խմբագիրը հեգնում է. - «Նմանօրինակ հայտարարությունները արդեն հարուցում են ոչ թե հետաքրքրություն, այլ սոսկ հեգնական ժպիտ կամ առողջ ծիծաղ: Եվ եթե այսպես շարունակվի, ապա ոչ միայն մեզ կապահովենք բնակչության մեկ շնչին բաժին ընկնող հումորի բավարար քանակությամբ, այլեւ կկարողանանք արտահանել այն ուրիշ, ավելի մռալ երկրներ»:

«Հայկական ժամանակ»-ի մեկնաբանը, արձանագրելով, որ 2006 թվականի բյուջեում 4 միլիարդ 400 միլիոն դրամի ավելացումը նախատեսվում է ապահովել «ի հաշիվ հարկային վարչարարության բարելավման», պարզաբանում է. - «Այս բառակապակցությունը ուղղակիորեն նշանակում է, որ այդ գումարները բերվելու են տնտեսության ստվերային հատվածից... Մեր երկրում, որտեղ ամենահամեստ հաշվարկներով ստվերային տնտեսությունը ամբողջի մոտ կեսն է, հաջորդ տարվա բյուջեին [ստվերային տնտեսությունը] տալու է ընդամենը 4 միլիարդ 400 միլիոն դրամ»: «Այլ կերպ ասած, հաջորդ տարի մեր կառավարությունը, կարելի է ասել, ծրագրել է ստվերային տնտեսության դեմ ընդհանրապես չպայքարել», - բխեցնում է մեկնաբանը: - «Եթե կառավարությունը հարկեր է հավաքում միայն լեգալ տնտեսությունից եւ նույնիսկ փորձ չի անում փորփրել ստվերային հատվածը, ուրեմն օրենքի գերակայության մասին խոսելը առնվազն զավեշտալի է: Իսկ երբ հաշվի ենք առնում, որ մեզանում մեծ բիզնեսը կենտրոնացված է իշխանությանը սերտաճած կլանների ձեռքում, ապա պարզ կդառնա, թե ինչու ստվերային տնտեսությանը նեղություն տալու փորձեր չեն արվում... Սա էլ խոսում է մեր իշխանության կլանային-օլիգարխիկ բնույթի մասին», - ընդհանրացված է «Հայկական ժամանակ»-ում:

«Ազգ»-ում ընդգծված վերնագրված է. - «Երեւանն ավերող չինովնիկները կհոշոտեն նաեւ երկրի անկախությունը»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG