Մատչելիության հղումներ

Հայաստան է ժամանում Բելգիայի Սենատի նախագահը


Հոկտեմբերի 31-ին Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանի հրավերով եռօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Բելգիայի Թագավորության Սենատի նախագահ Անն-Մարի Լիզինը:

Ազգային Ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, երկուշաբթի օրը տիկին Լիզինը խորհրդարանում կհանդիպի Արթուր Բաղդասարյանի, Հայաստան-Բելգիա բարեկամության պատգամավորական խմբի, Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանի հետ: Նույն օրը տիկին Լիզինին կընդունի Գարեգին Երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսը: Պատվիրակությունը ծաղկեպսակ կդնի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում` եղեռնի զոհերի հուշարձանին:

Նոյեմբերի 1-ին Բելգիայի Սենատի պատվիրակությունը կմասնակցի Ազգային ժողովում Հայաստանի խորհրդարանի 15-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին եւ «Խորհրդարանը ու խորհրդարանական համակարգերի զարգացման հեռանկարները ժողովրդավարության պայմաններում» համաժողովին, ապա` Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնում կայանալիք հանդիսավոր նիստին եւ տոնական համերգին:

Նույն օրը նախատեսված են հանդիպումներ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի, վարչապետ Անդրանիկ Մարգարյանի, արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանի եւ Մարդու իրավունքների պաշտպան Լարիսա Ալավերդյանի, Հայաստանում Եվրամիության դեսպանների հետ:

Բելգիայի Սենատը 1998 թվականին ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG