Մատչելիության հղումներ

logo-print
Միացյալ Նահանգներ կատարած պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարար, Հայաստանի նախագահին կից ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 28-ին Պենտագոնում հանդիպել է ԱՄՆ-ի պաշտպանության քարտուղար Դոնալդ Ռամսֆելդի հետ:

Պաշտպանության նախարարության մամլո ծառայության փոխանցմամբ, hանդիպման ընթացքում Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է Հայաստանի հետ ռազմատեխնիկական գործընկերությունը զարգացնելու ԱՄՆ-ի կառավարության մտադրությունը եւ բարձր է գնահատել Հայաստանի մասնակցությունը հակաահաբեկչական պայքարում: Նախարար Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ռազմական ոլորտում ցուցաբերվող օժանդակության համար՝ նշելով, որ Հայաստանի իշխանությունները պատրաստակամ են խորացնելու ԱՄՆ-ի հետ համագործակցությունը պաշտպանության բնագավառում:

«Մենք շատ ուրախ ենք նախարարին կրկին ողջունել Պենտագոնում: Ուրախ ենք նաեւ, որ կարողացանք կազմակերպել լավ այցելություն ու քննարկել շատ հարցեր, որոնց ուղղությամբ համատեղ աշխատում ենք», - լրագրողների հետ կարճատեւ զրույցում ասել է Դոնալդ Ռամսֆելդը եւ ավելացրել. «Հայտնի է, որ Հայաստանն Իրաքում ունի խաղաղապահ ստորաբաժանում, որի զինծառայողները հոյակապ են գործում, եւ նախարարը կարող է հպարտանալ նրանցով: Մենք համագործակցում ենք պաշտպանական բարեփոխումների ոլորտում, եւ այցի ընթացքում ես ստացա ամենավերջին տեղեկությունները դրա վերաբերյալ»:

Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչպե՞ս է գնահատում ռազմական ոլորտում հայ-ամերիկյան հարաբերությունների հեռանկարը՝ Դոնալդ Ռամսֆելդն ասել է. «Ես դա գնահատում եմ շատ լավ: Մեր զինվորականները պարբերաբար խորհրդակցություններ են անցկացնում: Նախարարը բովանդակալից այցելություններ կատարեց ամերիկյան մի շարք ռազմակայաններ, եւ առհասարակ այցը շատ լավն էր»:

Հայաստանի պաշտպանության նախարարը, իր հերթին, նշել է. - «Իրականում մեր հարաբերությունները շատ բարձր եմ գնահատում, եւ այս այցի ժամանակ կազմակերպված միջոցառումները դրա ապացույցն էին: Մենք իրավունք չունենք չօգտվելու այս լավ հնարավորություններից՝ վերափոխելու համար մեր զինված ուժերը: Մենք անպայման դա անելու ենք»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG