Մատչելիության հղումներ

Ժան Տեր-Մերկերյանը 70-ամյա հոբելյանը նշում է Երեւանում


Իր ծննդյան 70-ամյակի կապակցությամբ ֆրանսաբնակ հանրահայտ հայ ջութակահար Ժան Տեր-Մերկերյանը Արամ Խաչատրյան համերգասրահում այսօր հանդես կգա համերգով, որի ընթացքում Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի նվագակցությամբ կկատարի Բեթհովենի եւ Մոցարտի ստեղծագործությունները:

«Ինձ համար երջանկություն է Հայաստանում, իմ ժողովրդի մեջ գտնվելը: Ես շատ-շատ ուրախ եմ, երջանիկ եմ, որ Հայաստանում եմ», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց աշխարհահռչակ երաժիշտը՝ ավելացնելով. - «Ամեն այցելությունից հետո Հայաստանից հետս տանում ամենաթանկագինը՝ հայրենիքի, ժողովրդիս ջերմությունը»:

«Ժան Տեր-Մերկերյանը այն երեւույթներից է, որի շնորհիվ մենք կարող ենք ասել, որ ունենք հայկական ջութակի դպրոց՝ համաշխարհային մակարդակի դպրոց», - ասաց դիրիժոր Ռուբեն Ասատրյանը, ով այսօվա համերգի ժամանակ ղեկավարելու է Հայաստանի ֆիլարմոնիկ նվագախումբը:

Ժան Տեր-Մերկերյանի մտերիմ ընկերներից արվեստաբան Շահեն Խաչատրյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ թեեւ Տեր-Մերկերյանը վաղուց է ապրում Ֆրանսիայում, բայց ընկերները գրեթե չեն զգում իր բացակայությունը, քանի որ հաճախ է այցելում Հայաստան:

«Սա մի ուրիշ հատկություն է, սա մարդկային ուրիշ ձեւ է, որը շատ հեռու է անձնապաշտությունից: Ինքը ամբողջությամբ ներքին է, ինքը ամբողջությամբ զգացմունքային է», - շարունակեց Շահեն Խաչատրյանը: - «Եվ այն ջերմությունը, որ իրենից հորդում է եւ ժողովուրդն ընկալում է, այնքան անկեղծ է, այնքան բարի է, այնքան մարդկային է»:


Գայանե Դանիելյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG