Մատչելիության հղումներ

Լեռնային Ղարաբաղի մարդահամարի արդյունքները կհրապարակվեն 2006 թվականի երկրորդ կեսին


Երեկ ավարտվեց Լեռնային Ղարաբաղում մարդահամարի անցկացման համար նախատեսած տասնօրյա ժամկետը: Ազգային վիճակագրական ծառայության պետ Բենիկ Բաբայանի փոխանցմամբ, մարդահամարն ընդգրկել է 302 բնակավայր՝ 10 քաղաք եւ 292 գյուղ:

«Այսօրվանից սկսվել են վերահսկիչ աշխատանքները՝ ընտրանքային վերահսկիչ շրջագայությունը, որը կտեւի մինչեւ նոյեմբերի 2-ը», - «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ասաց Բաբայանը: - «Դրանից հետո, սահմանված կարգով եւ ժամկետներում Ազգային վիճակագրական ծառայության շրջանային բաժինները մարդահամարին վերաբերող բոլոր նյութերը կներկայացնեն Ազգային վիճակագրական ծառայություն՝ ամփոփման համար: Մարդահամարի նախնական տվյալները պատրաստ կլինեն նոյեմբերի վերջին, իսկ վերջնական ամփոփված նյութերը կհրապարակվեն 2006 թվականի երկրորդ կիսամյակում»:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին ասել էր Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանը, մարդահամարն անցկացվում է ամբողջությամբ սեփական միջոցներով՝ առանց դրսի աջակցության: Ազգային վիճակագրական ծառայության պետը փոխանցեց, որ ընդհանուր առմամբ՝ 2005 եւ 2006 թվականների համար տրամադրվել է 120 միլիոն դրամ:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG