Մատչելիության հղումներ

logo-print

ԱՄՆ-ի Կոնգրեսը հաստատել է Հայաստանում ԱՄՆ-ի կառավարության կողմից իրականացվող ժողովրդավարության աջակցման ծրագիրը


Միացյալ Նահանգների Կոնգրեսը, Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Էվանսի փոխանցմամբ, հաստատել է ԱՄՆ-ի կառավարության նախապատրաստած մի շարք ծրագրերը՝ ուղղված Հայաստանում ժողովրդավարության աջակցմանը: Հայաստանում 2007-ի խորհրդարանական եւ 2008-ի նախագահական ընտրությունների ազատ եւ արդար անցկացմանը նպաստելու, տարբեր կրթական, տեխնիկական աջակցության եւ այլ ծրագրերի համար կհատկացվի 6 մլն դոլարից մի փոքր ավելի գումար:

Հինգշաբթի օրը Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատանը հրավիրված ասուլիսում Ջոն Էվանսը ասաց նաեւ, որ ընտրությունների ազատ եւ արդար անցկացմանը նպաստելու ծրագիրը քննարկվել է Հայաստանի իշխանությունների հետ եւ դրական արձագանք է ստացել:

«2007-ի եւ 2008-ի ընտրությունները ոսկե հնարավորություն են ընձեռում Հայաստանին` վերահաստատելու դեպի ժողովրդավարութուն ընտրած կուրսը եւ հաղթահարելու անցյալի որոշ խնդիրներ», - ասաց Էվանսը՝ ավելացնելով, որ որ ԱՄՆ-ը միշտ աջակցել է Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումներին, բայց «2007-ի եւ 2008-ի ընտրությունների ազատ, արդար եւ թափանցիկ անցկացումը առանձնակի կարեւորություն ունի Հայաստանի ապագայի համար». - «Կարեւոր է, որ այդ ընտրությունները ազատ եւ արդար համարվեն միջազգային հանրության եւ, ամենակարեւորը՝ Հայաստանի ընտրողների կողմից»:

Հարցին, թե արդյո՞ք այն, որ ԱՄՆ-ի դեսպանը եւ Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության ծրագրի ղեկավար Ռոբին Ֆիլիփսը այս թեմայով ասուլիս են հրավիրում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից առաջ, նշանակում է որ ԱՄՆ-ը բացառում է սահմանադրական հանրաքվեի հեղափոխության վերաճելու հնարավորությունը կամ չի խրախուսում դա, դեսպան Էվանսը պատասխանեց. - «Ես շատ հստակ կարող եմ ասել, որ Միացյալ Նահանգները կողմ չէ հեղափոխությունների իրականացմանը փողոցներում: Հեղափոխությունը ձախողման արդյունք է: Մենք կողմ ենք էվոլյուցիոն զարգացումներին եւ կարծում ենք, որ ղեկավարներին պետք է ընտրել քվեատուփերի միջոցով, ոչ թե փողոցում»:

Ծրագիրը ներառում է ամենատարբեր դասընթացներ ու կրթական ծրագրեր ընտրողների, վստահված անձանց, լրագրողների համար, խրախուսումներ ու դրամաշնորհներ հասարակական կազմակերպությունների համար, ընտրական օրենքների եւ այլ փաստաթղթերի հրատարակություններ:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե որքանո՞վ արդյունավետ կլինի այս ծրագիրը, եթե ընտրությունների օրը տեղ գտնեն այն բոլոր խախտումները (ընտրակաշառքներ, քվեատուփերի լցոնում եւ այլն), որոնց վերջին տարիներին ականատես ենք եղել եւ ինչպե՞ս կարող են նման ծրագրերը աջակել ազատ եւ արդար ընտրությունների անցկացմանը, եթե չլինի այդպիսի ընտրություններ անցկացնելու քաղաքական կամք, Ջոն Էվանսը պատասխանեց. - «Վերջին մի քանի տարիների ընթացքում շատ դասեր են քաղվել հատկապես աշխարհի հատվածում: Ես կարծում եմ, որ պետք է պարզ լինի բոլորի՝ պաշտոնյաների, ոչ պաշտոնյաների, ընտրողների համար, որ, ինչպես ասաց [Հայաստանի] խորհրդարանի խոսնակը՝ ընտրակեղծիքների ժամանակը անցել է: Ես ավելի լավատես եմ այսօր այն առումով, որ փայլուն հնարավորություն կա Հայաստանի համար անցկացնել ազատ եւ արդար ընտրություններ 2007-ին եւ 2008-ին: Ես հավատում եմ, որ քաղաքական կամքի առկայության դեպքում համագործակցման արդյունքում եւ մեր փորձագետների աջակցությամբ, որոնց կհրավիրենք, մենք կարող ենք փոփոխություններ ունենալ»:

Ներկայացված ծրագիրը ներառում է նաեւ աջակցություն ընտրացուցակների հստակեցման հարցում: Այդ գործընթացը, սակայն, կսկսվի 2006 թվականի սկզբին միայն, այնպես որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կանցկացվի ներկայիս ընտրացուցակներով:


Աննա Սաղաբալյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG