Մատչելիության հղումներ

logo-print
Հայաստանի նախագահը չորեքշաբթի օրը դրական գնահատեց անցած տեղական ինքնակառավարման ընտրությունները, ինչպես նաեւ հույս հայտնեց, որ նոյեմբերի վերջին կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը գնալով կաշխուժանա:

«Հայաստանի» հիմնադրամի միջոցներով վերանորոգված մարզական հաստատություններ կատարած շրջայցի ժամանակ պատասխանելով լրագրողների հարցերին ավարտված ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ, Քոչարյանը ասաց. - «Դիտորդները միջազգային, որոնք այստեղ եղել են, բավական դրական են գնահատել [ընտրությունները]: Երեւի բացառությամբ եզակի՝ մի երկու-երեք համայնքների, ընտրությունները անցել են ե’ւ հանգիստ մթնոլորտում, ե’ւ գործող օրենքներին համապատասխան»:

«Դրական եմ գնահատում», - ավելացրեց երկրի նախագահը: - «Կան նաեւ փոփոխություններ տարբեր քաղաքներում: ժողովրդի ընտրությունն է, եւ մենք պատրաստ ենք աշխատել յուրաքանչյուր համայնքի ղեկավարի հետ, որը վաստակել է ժողովրդի ձայները»:

Անդրադառնալով սահմանադրական փոփոխություններին եւ քարոզարշավի ընթացքին՝ Հայաստանի նախագահը ասաց - «Դեռ նոր է սկսվում այդ քարոզարշավը: Չեմ կարծում, որ հիմա շատ թեժ քարոզարշավ ունենք: Բայց այն ինֆորմացիան, որին ես տիրապետում եմ, ցույց է տալիս, որ բավական ակտիվ այս անիվները սկսում են պտտվել, եւ ես միայն կողջունեի դա»:

«Առաջին հերթին, երեւի, խնդիր ունենք իրազեկման հետ կապված», - շարունակեց Քոչարյանը: - «Տպագրում ենք նախագծի օրինակները եւ կփորձենք ամեն մի ընտանիք հասցնել այդ օրինակները, որ մեր ժողովուրդը հնարավորություն ունենա եզրակացություններ անել ոչ թե միայն մեկնաբանություններից, այլ նաեւ անձամբ ծանոթանա այդ նախագծի հետ»:

Ռոբերտ Քոչարյանը խոստացավ, որ սահմանադրական փոփոխություններին ու հանրաքվեին վերաբերող հարցերի վերաբերյալ հատուկ հանդիպում կկազմակերպի լրագրողների հետ. - «Մոտակա օրերին: Միգուցե մեկ շաբաթ – տասը օրվա ընթացքում այդպիսի հանդիպում մենք կունենանք»:

Պատասխանելով հարցին, թե ինչպես կարող են ազդել Ադրբեջանում նոյեմբերի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վրա, Ռոբերտ Քոչարյանը ասաց. - «Չեմ կարծում, որ որեւէ լուրջ ազդեցություն կունենան այդ ընտրությունները եւ չեմ կարծում, որ մենք Ղարաբաղի հարցը պետք է կապենք Ադրբեջանի նախընտրական կամ ընտրական տրամադրությունների, կամ արդյունքների հետ»:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG