Մատչելիության հղումներ

AXA ընկերությունից ապահովագրական գումարներ ակնկալող Ցեղասպանության զոհերի ժառանգների համար բացվելու է հատուկ ինտերնետային էջ


Ֆրանսիական AXA ապահովագրական ընկերությունը, որը, ըստ 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգների հավաքական շահերը ներկայացնող փաստաբանների հետ ձեռք բերված համաձայնության, վերադարձնելու է մինչեւ 1915 թվականը Թուրքիայում ընկերության կողմից ապահովագրված, իսկ հետագայում Ցեղասպանության զոհ դարձած մարդկանց ապահովագրական գումարները, հատուկ ինտերնետային էջ է բացելու, որտեղ կհրապարակվեն այն մարդկանց անունները, ովքեր ժամանակին ապահովագրվել են AXA ընկերությունում:

Հայազգի փաստաբան Բրայան Կաբատեկը, ով փաստաբաններ Վարդգես Եղիայանի, Մարկ Գերագոսի հետ պաշտպանում էր ցեղասպանության զոհերի շահերը ընդդեմ AXA-ի, «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ասաց. - «Ներկայումս աշխատում ենք ֆրանսիական ընկերության հետ եւ շուտով ստեղծվի հատուկ ինտերնետային էջ, որտեղ կհրապարակվեն այն մարդկանց անունները, ովքեր ժամանակին ապահովագրվել են AXA ընկերությունում»:

Նրա խոսքերով, ընկերությունն ունի այն հայերի ցուցակը, ովքեր Ցեղասպանությունից առաջ Թուրքիայում ապահովագրված են եղել: Ցուցակը AXA-ն կհրապարակի 6 ամիս հետո: Բացի այդ, այն անձինք, ովքեր հավատացած են, որ իրենց հարազատները Թուրքիայում ապահովագրված են եղել ֆրանսիական ընկերության կողմից եւ ցեղասպանության զոհ են դարձել, նույնպես կարող են դիմել փոխհատուցում ստանալու համար:

Ըստ AXA-ի հետ ձեռք բերված համաձայնության, որը նոյեմբերին դեռ պետք է վավերացվի Կալիֆորնիայի դատարանի կողմից, ֆրանսիական ընկերությունը կհատկացնի 17 միլիոն դոլար: 3 միլիոն դոլարը կհատկացվի Ֆրանսիայում գործող հայկական բարեգործական ընկերություններին: Կաբատեկը փոխանցեց, որ եւս 3 միլիոն դոլար հատկացվելու է դատական ծախսերը հոգալու, ինչպես նաեւ զոհվածների ժառանգներին փոստով ծանուցումներ ուղարկելու եւ գործը ընդհանրապես գովազդելու համար:

11 միլիոն դոլար կհատկացվի այն հիմնադրամին, որն այնուհետեւ կսկսի վերադարձնել ապահովագրական գումարները ընտանիքներին, որոնց հարազատները ժամանակին ապահովագրել էին իրենց կյանքը AXA ընկերությունում՝ հետագայում զոհ դառնալով 20-րդ դարասկզբի կոտորածներին:

Սա արդեն երկրորդ դեպքն է, երբ ցեղասպանության զոհերի ժառանգները համաձայնություն են ձեռք բերում ապահովագրական փոխհատուցում ստանալու վերաբերյալ: Անցած տարի New York Life ամերիկյան ընկերությունը երկարատեւ բանակցություններից հետո ի վերջո համաձայնեց 20 միլիոն դոլար վերադարձնել ցեղասպանության զոհերի հարազատներին:

Կաբատեկը ասաց նաեւ, որ հայ փաստաբանները շարունակելու են որոնել AXA-ի եւ New York Life-ի նման ընկերություններ, որոնք զլացել են վերադարձնել ցեղասպանության զոհ դարձած հայերի ժառանգներին վերջիններիս նախնիների դրամական ավանդները եւ ապահովագրական գումարները:

Այդպիսի մի ընկերություն արդեն գտնվել է. դա Deutche Bank-ն է, որը հայերից ավանդներ է ընդունել, որոնք Ցեղասպանությունից հետո այդպես էլ չեն վերադարձվել:

Հարցին, թե որքանով ծանրակշիռ կարող է լինել Deutche Bank-ին ներկայացվելիք հայցը, Բրայան Կաբատեկը պատասխանեց. - «Մենք դեռ ուսումնասիրում ենք հարցը: Սակայն եթե դա արվել է անգամ մեկ մարդու նկատմամբ, արդեն շատ է»:


Հրայր Թամրազյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG