Մատչելիության հղումներ

Ընդդիմադիր կուսակցության համագումարը կոչ է անում դեմ քվեարկել սահմանադրական փոփոխություններին


Ընդդիմադիր «Հանրապետություն» կուսակցությունը, որը երեքշաբթի օրը ստիպված էր իր 5-րդ համագումարն անցկացնել Մատենադարանի մոտ, քանի որ իշխանությունները հրաժարվել էին դահլիճ տրամադրել, այսօր հանդես եկավ սահմանադրական փոփոխություններին «ոչ» ասելու կոչով:

Համագումարի իր ելույթում կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը ասաց, որ այս համագումարով իրենք սկսում են «համագործակցված քարոզարշավ», որի նպատակը ժողովրդին իրազեկելն է, թե ինչ է հարկավոր անել նոյեմբերի 27-ին եւ ինչու է պետք դեմ քվեարկել սահմանադրական փոփոխություններին:

«Ոչ ասելով սահմանադրական բարեփոխումներին, մենք ոչ ենք ասում կրիմինալին, ոչ ենք ասում ստին, կեղծիքին, սպանությանը, գավառամտությանը, տգիտությանը, աղքատությանը եւ անարդարությանը», - հայտարարեց Արամ Սարգսյանը:

Նրա կարծիքով, սակայն, «ոչ»-ը քարոզելու կարիք չունի, քանի որ «այո» քարոզողների «կերպարը, վարքն ու «Համմեր»-ները բավարար են, որպեսզի ժողովուրդը մերժի նրանց»:

Սարգսյանը նաեւ վստահ է, որ, դիմակայելով կեղծիքներին, ժողովուրդը փողոց է դուրս գալու եւ «քվեարկության արդարությունը հաստատելու է քաղաքի կենտրոնում»:

«1999 թվականի հոկտեմբերի 27-ը այս իշխանություններին էր: 2005 թվականի նոյեմբերի 27-ը մերն է լինելու՝ երկրինը ու ժողովրդինը», - հայտարարեց նա: - «Եվ Աստված մի արասցե, որ իշխանությունները փորձեն ընտրությունները խախտեն: Դա միանշանակ վեր է ածվելու հեղափոխության: Եվ դա մենք իրենց խոտանում ենք»:

Նա ասաց, որ ընդդիմությունը սահմանադրական հանրաքվեի հարցում միասնական է, ու թեեւ քարոզչությունը տարանջատված է իրականացնում, «վերջին ակորդը միասնական է լինելու»:

Համագումարին ներկա էին ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը, ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը, «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը, քաղաքական այլ ուժերի ներկայացուցիչներ, մտավորականներ:

«Ազգային միաբանություն» կուսակցության առաջնորդ Արտաշես Գեղամյանը թեեւ հրավիրված էր, բայց ներկա չէր: Իսկ «Հանրապետություն» կուսակցության նախկին ղեկավար անդամ Ալբերտ Բազեյանը պարզապես չէր հրավիրվել:

Ելույթներ ունեցողների թվում էին Ստեփան Դեմիրճյանը, Արամ Կարապետյանը: Վերջինս, անդրադառնալով իշխանությունների կողմից համագումարի անցկացման համար դահլիճ չտրամադրելուն, ասաց. - «Իշխանության մեջ էլ մարդիկ կան, որ ասում են՝ հերիք է դահլիճ, գնացեք փողոց, գործն արեք՝ վերջացրեք»:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG