Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Երբ 2002 թվականին Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ Հայաստանում 40 հազար նոր աշխատատեղ է ստեղծել, շատերին այդ թիվը տարօրինակ եւ ոչ իրական թվաց», - հիշեցնում է «Հայկական ժամանակ»-ը: - «Հիմա, սակայն, պարզվում է, որ այդ թիվը իրականությանը չի համապատասխանում ոչ թե ուռճացված, այլ հակառակը՝ նվազեցված լինելու պատճառով, որովհետեւ վերջին տարիներին ստեղծված աշխատատեղերի թիվն ավելին է, քան 2 միլիոնը... »: «Եվ սա ամենեւին էլ չափազացություն չէ», - բացահայտում է «Հայկական ժամանակ»-ը՝ պարզաբանելով. - «Քոչարյանի իշխանության տարիները մեզ բոլորիս ցույց տվեցին, որ ընտրությունների գնալը, նախագահի, պատգամավորի, համայնքի ղեկավարի, ավագանու անդամի ընտրություններին մասնակցելը ոչ թե քաղաքացիական պարտք է, այլ աշխատանք, որի համար յուրաքանչյուր ընտրող վճարվում է»: Եվ դա, ըստ թերթի վերլուծության, «ամբողջովին հարիր է Կովկասյան վագրի մեր նախանձելի կերպարին»: «Իհարկե, Քոչարյանի ստեղծած այս նոր աշխատատեղերը նաեւ թերություն ունեն՝ աշխատանքը մշտական չէ, եւ վճարումն էլ 5 տարվա ընթացքում կազմում է 10-25 հազար դրամ», - շարունակում է թերթը՝ որպես այս նոր զբաղվածության առավելություն ներկայացնելով այն, որ մեր ընտրողները «աշխատանքի գնալիս օգտվում են միանգամայն անվճար տրանսպորտային միջոցներից»: Վերջում «Հայկական ժամանակ»-ը հեգնում է. - «Եթե որոշ ժողովուրդներ ունեն նավթի կամ գազի անսպառ պաշարներ, մեր ժողովուրդն էլ ձայնի անսպառ պաշար ունի, եւ հենց այդ ռեսուրսը կարող է մեզ զարգացման նոր մակարդակի բերել»:

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին անդրադարձել են բոլոր լրատվամիջոցները՝ նկարագրելով մթնոլորտը, որում ընթացել են հատկապես քաղաքապետերի ընտրությունները: «168 ժամ» թերթում «Կարմիր բերետավորներ Երեւանից» վերնագրի ներքո կարդում ենք. - «Գյումրիում կիրակի օրը կայացած ՏԻՄ ընտրություններն անցել են ծայրաստիճան լարված մթնոլորտում: Բայց հակառակ սպասումների, այստեղ քվեարկության օրվա ողջ ընթացքում այդպես էլ որեւէ լուրջ միջադեպ չի գրանցվել, թեեւ ի սկզբանե ուժային կառույցները լուրջ միջոցառումներ էին ձեռնարկել... Ինչպես մյուս քաղաքներում, Գյումրիում եւս իրար դեմ էին պայքարում իշխանական թեւերը, այստեղ նույնպես կոալիցիան բաժանվել էր 2 թեւի: Այդքանով հանդերձ այս ընտրությունների ժամանակ եւս կիրառվեցին ընտրակեղծիքի բոլոր այն մեխանիզմները, որոնք գործի էին դրվել նախագահական եւ ԱԺ ընտրությունների ժամանակ»:

«Գյումրիում քվեարկությունը ՏԻՄ ընտրությունների համար աննախադեպ էր ե’ւ ամբողջ օրն առկա լարվածությամբ, ե’ւ ցուցակային անճշտությունների քանակով, ե’ւ բաժանվող ընտրակաշառքի բացահայտ բնույթով», - վկայում է «Առավոտ» թերթը ««Փսիխոպատը» վերընտրվեց քաղաքապետ» վերնագրի ներքո:

«168 ժամ» թերթի «Քյավառում ամեն ինչ բացահայտ էր» հոդվածում նկարագրված է. - «Գավառի քաղաքապետի ընտրություններն անցել են հանգիստ մթնոլորտում: Այդ հանգստությունը, սակայն, իր մեջ խորհրդավոր անհանգստություն է ունեցել»: «Այս ընտրութունների կեղծիքները»,- պատմում է «168 ժամ»-ը, - «հիմնականում դրսում են կատարվել՝ ի հաշիվ ընտրակաշառքների: Տեղացիներն ասում են, որ ընտրողներին գրավելու համար բոլոր 5 թեկնածուներն էլ տարբեր տեսակի ընտրակաշառքներ են բաժանել ու խոստումներ են տվել: Բացի այդ, թեկնածուների շտաբերում ու ընտրատեղամասերում մեծ է եղել դժգոհությունը ընտրացուցակներից: Պատմում են, որ ընտրակաշառք վերցրած ընտրողներից ոմանք իրենց անունը ցուցակներում ընդհանարպես չեն գտել ու չեն իմացել ինչ անել՝ կաշառքը հե՞տ տալ, թե՞ պահել»:

Մյուս ընդհանուր թեման բոլոր լրատվամիջոցների համար սահմանադրական հանրաքվեն է եւ «այո»-ի ու «ոչ»-ի պայքարը, որին արձագանքել է նաեւ Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը. - «Որեւէ հիքմ չեմ տեսնում Սահմանադրությանը ոչ ասելու համար»: «Հայկական ժամանակ»-ը, վերլուծելով քաղաքապետի ընտրովիության վերաբերյալ սահմանադրական դրույթը, ուրվագծում է. - «Զախարյանը իզուր ջանքեր է թափում: Նա իր ինքնաքարոզչությունը պետք է անի ոչ թե երեւանցիների առաջ, այլ նրա, ով որոշելու է, թե ով է լինելու Երեւանի քաղաքապետ: Տվյալ դեպքում դա, ինչպես եղել է մինչ այժմ, փոփոխություններն ընդունվելու պարագայում էլ լինելու է Ռոբերտ Քոչարյանը: Այսինքն պրն Զախարյանի կարիերայում որեւէ բան չի փոխվի, եթե սահմանադրական բարեփոխումներն ընդունվեն»:


Շաքե Ավոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG