Մատչելիության հղումներ

Հայաստանի նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը ԱՄՆ պաշտոնական այցի շրջանակներում երկուշաբթի օրը հանդիպումներ է ունեցել Կանզաս նահանգի ադյուտանտ-գեներալ, Ազգային գվարդիայի ղեկավար, գեներալ-մայոր Թոդ Բանթինգի եւ փոխնահանգապետ Դենիս Մորի հետ:

Թոդ Բանթինգի եւ Սերժ Սարգսյանի հանդիպման ընթացքում, ինչպես տեղեկացնում է Հայաստանի պաշտպանության նախարարի մամլո քարտուղարը, «քննարկվել են խաղաղապահության եւ ռազմական բժշկության ոլորտներում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր»:

«Անդրադարձ է եղել Իրաքում խաղաղարար առաքելություն իրականացնող հայկական ստորաբաժանման գործունեությանը, որի պատրաստման գործում մեծ աջակցություն են ցուցաբերել նաեւ Կանզասի մասնագետները», - ասված է հաղորդագրությունում: - «Փոխնահանգապետ Դենիս Մորի հետ հանդիպման սկզբում նախարար Սերժ Սարգսյանն ապրիլի 24-ը Կանզասում հայերի հիշատակի օր հռչակելու կապակցությամբ շնորհակալություն է հայտնել նահանգի ղեկավարությանը»:

«Հայաստանը շատ կարեւոր երկիր է եւ այդպիսին եղել է աշխարհի պատմության մեջ: Դուք առաջինը ընդունեցիք քրիստոնեությունը, եղաք առաջին երկիրը, որը դուրս գալով ԽՍՀՄ կազմից՝ անկախություն հռչակեց: Մենք բաց ենք ձեզ ցանկացած գիտելիք եւ օժանդակություն տրամադրելու հարցում: Ես պարզապես ուզում եմ, որ դուք իրազեկ լինեք, որ մենք նույնպես ձեզանից սովորում ենք», - ասել է փոխնահանգապետ Դենիս Մորը:

«Սկսած հենց անկախության առաջին օրվանից ԱՄՆ-ը մեծ օժանդակություն է ցուցաբերել` մեր անկախությունը ամրապնդելու, ժողովրդավարական նորմեր հաստատելու եւ ժողովրդի կենսական հարցերը լուծելու ուղղությամբ: Մենք վստահ ենք, որ ԱՄՆ-ի օժանդակությամբ կկարողանանք կառուցել ավելի անկախ, բարեկեցիկ ու լավ երկիր», - իր հերթին նշել է Սերժ Սարգսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG