Մատչելիության հղումներ

Հայաստանը 2006 թվականին ղարաբաղյան բանակցություններում դրական տեղաշարժ արձանագրելու «լուրջ հնարավորություն» է տեսնում


Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը երկուշաբթի օրը հայտարարեց, որ Հայաստանը 2006 թվականին ղարաբաղյան բանակցություններում դրական տեղաշարժ արձանագրելու «լուրջ հնարավորություն» է տեսնում: Խոսքը, կարելի է ենթադրել, մի ժամանակահատվածի մասին է, երբ կարելի է ճեղքում ակնկալել բանակցություններում:

«Նախագահների վերջին երկու հանդիպումները դրական արդյունքներ տվել են, եւ մենք լուրջ հնարավորություն ենք տեսնում 2006 թվականին դրական տեղաշարժ արձանագրելու՝ եթե ադրբեջանական ընտրություններից հետո որեւէ հետ քայլ չարվի Ադրբեջանի կողմից», - ասաց Վարդան Օսկանյանը Եվրամիության եռյակի պատվիրակության ղեկավար, Հարավային Կովկասում Մեծ Բրիտանիայի հատուկ ներկայացուցիչ Բրայան Ֆոլլի հետ համատեղ ասուլիսում:

Բրայալ Ֆոլլը նույնպես նշեց դրական տեղաշարժը Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների բանակցություններում: Անդրադառնալով Վարդան Օսկանյանի վերապահմանը՝ կապված Ադրբեջանում խորհրդարական ընտրություններից հետո հնարավոր հետընթացին բանակցություններում, բրիտանացի դիվանագետը հույս հայտնեց, որ «ընտրությունների անցկացումը Ադրբեջանում իրենց թույլ կտա շոշափելի առաջընթաց արձանագրել»:

Օսկանյանը եւ Ֆոլլը լրագրողներին հանդիպեցին անցկացված բանակցությունների ավարտին, որոնց առանցքը, թերեւս, հետեւյալն է. Հայաստանը ձգտում է, որ հարեւան երկրների խնդիրները չխոչընդոտեն Եվրամիության հարեւանության ծրագրի շրջանակներում Հայաստանի Անհատական գործողությունների ծրագրի մշակմանը:

Վարդան Օսկանյանը հայտարարեց, որ 2006 թվականի առաջին երկու ամիսների ավարտին այդ ծրագիրը պետք է ոչ միայն ներկայացված, այլեւ հաստատված լինի:

Հայաստան – Թուրքիա հարաբերությունները նույնպես քննարկվել են: «Ինչպես Բրյուսելում, այստեղ եւս մենք պնդեցինք, շեշտեցին այն փաստը, որ հատկապես «Նոր հարեւանության» քաղաքականության արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ է [հայ-թուրքական] սահմանի բացման խնդիրը», - ասաց Օսկանյանը:

Եվրամիության Եռյակի պատվիրակությանը այսօր ընդունել է նաեւ նագախահ Ռոբերտ Քոչարյանը:

«Կողմերը քննարկել են Եվրոպական նոր հարեւանության քաղաքականության շրջանակում Եվրամիության հետ հարաբերությունների ընդլայնման հարցը` առանցքային դիտելով Անհատական գործողությունների ծրագրի հաստատումը», - տեղեկացրել է նախագահի մամլո ծառայությունը:

Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ Հայաստանը կտրականապես դեմ է, որ մի երկրի հետ խնդիրները արգելք հանդիսանան Եվրոպական հարեւանության քաղաքականության մեջ ընդգրկված մյուս պետությունների հետ գործողությունների ծրագրի շուրջ բանակցությունների անցկացման համար:

«Մենք գտնում է, որ Եվրամիությունը պետք է նոր հարեւանության քաղաքականության շրջանակում ընդգրկված յուրաքանչյուր երկրի նկատմամբ ցուցաբերի անհատական մոտեցում», - շեշտել է երկրի ղեկավարը:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG