Մատչելիության հղումներ

Երվանդ Զախարյանը երեւանցիների կոչ է անում «այո» ասել Սահմանադրության փոփոխություններին


Երկուշաբթի օրը Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը հայտարարեց, որ ինքը եւ Երեւանի համայնքապետերը կողմ են սահմանադրական փոփոխություններին եւ անելու են ամեն ինչ, որպեսզի հանրաքվեի օրը երեւանցիները կողմ քվեարկեն:

Պաշտոնական քարոզչություն էր սա թե ոչ, բայց քաղաքապետը, շարունակելով խոսքը, հանդես եկավ կոչով՝ ուղղված բոլոր երեւանցիներին՝ «այո» ասել փոփոխված Սահմանադրությանը:

«Սահմանադրությամբ նաեւ Երեւանի կարգավիճակի մասին է խոսվում. Սահմանադրությամբ նախատեսվում է Երեւանը նայել որպես համայնք եւ որ Երեւանի քաղաքապետը լինի ընտրովի», - բառացիորեն ասաց քաղաքապետը՝ շարունակելով. - «Եվ ես որքանով տեղյակ եմ, երեւանցիների գերակշիռ մասը կողմ է, որպեսզի Երեւանի քաղաքապետը լինի ընտրովի: Դա եւս մեկ փաստ է, որ երեւանցիները ակտիվ մասնակցություն ունենան եւ ասեն այո»:

Իր նախորդ ասուլիսի ժամանակ Երվանդ Զախարյանը քաղաքապետի ընտրովիության մասին խոսելիս ասել էր, որ ինքը կողմնակից է, որպեսզի Երեւանի քաղաքապետը ընտրվի ոչ թե ուղղակի ընտրություններով, այլ ավագանու անդամների միջոցով:

Հարկ է հիշեցնել, որ Երեւանի քաղաքապետի ընտրության մեխանիզմը փոփոխված Սահմանադրությունը վերապահել է ավելի ուշ ընդունվելիք հատուկ օրենքին:

Զախարյանը ասուլիսում նաեւ ասաց, որ առաջիկա հանրաքվեի քարոզչություն ու հակաքարոզչություն անել ցանկացողներին քաղաքապետարանը թույլտվություններ կտա օրենքի սահմաններում:

Քաղաքապետն այսօր անդրադարձավ Կամերային երաժշտության տան այգու կառուցապատման շուրջ ծագած վեճին՝ հավաստիացնելով, որ շինարարական աշխատանքներն այս պահին դադարեցված են:

Կամերային երաժշտության տան անմիջական հարեւանությամբ նոր ռեստորանային համալիրի կառուցման դեմ անցած շաբաթ բողոքի ակցիաներ էին կազմակերպել մի խումբ մտավորականներ:

Զախարյանը ասաց, որ այգու տարածքի 15 տոկոսի կառուցապատման մասին որոշումը կայացնելուց հետո, իսկ դա 4 ամիս առաջ էր, այգում փակցվել էր եւ մինչ օրս էլ փակցված է ապագա կառուցապատման պլանը, ինչին, սակայն, այդ ամիսների ընթացքում չեն արձագանքել ո’չ Կամերային երաժշտության տան անձնակազմը, ո’չ էլ շրջակայքի բնակիչները:

«Չնայած այդ բոլորին, քաղաքային իշխանությունները, տեսնելով ստեղծված իրավիճակը, դադարեցրել են բոլոր տիպի շինարարական աշխատանքները՝ բոլոր այն առաջարկությունները, բողոքները, դժգոհությունները, որոնք կան տնօրինության կողմից, լրացուցիչ գլխավոր ճարտարապետի, տնօրինության եւ կառուցապատողի հետ մեկ անգամ եւս նայելու եւ քննարկելու համար», - ասաց Երվանդ Զախարյանը՝ հավաստիացնելով, որ այսօր գործող «նորմերի սահմաններում» տեղավորվող բոլոր առաջարկությունները «մեկ անգամ եւս հաշվի կառնվեն ու կքննարկվեն»:


Նանե Աճեմյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG