Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


(Շաբաթ, 22-ը հոկտեմբերի)

«Ինչքան պարզ է դառնում ընդդիմության կեցվածքի էությունը, այնքան անհետաքրքրիր է դառնում», - գրում է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը: - «Աչքով տեսանելի է, որ բազմիցս հեղափոխական գործընթաց հայտարարած եւ ամեն անգամ տապալված ընդդիմությունը հույսը չի կտրում իշխանափոխության երազանքից եւ հիմա էլ հանրաքվեն է ուզում հերթական առիթ դարձնել դրա համար... Քաղաքական այս հավակնոտությունը ընտրողներին տված բարենորոգչական խոստումներից չի բխում, այլ պարզապես անաշխատ իշխանություն ստանալու մարմաջից», - սահմանում է մեկնաբանը:

«168 ժամ» թերթի հարցազրույցում «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը ընդգծում է. - «Թող հավասար պայմաններում արդար ընտրապայքար լինի, ու եթե մեծամասնությունն ասի «այո», ես կհասկանամ, որ իմ «ոչ»-ը փոքրամասնություն է կազմում, քաղաքական հետեւություն կանեմ: Իսկ եթե «ոչ» ասեն, իրենք պետք է հետեւություն անեն, որը պետք է ունենա պատասխանատու: Սա վստահության հանրաքվե է լինելու: Եթե նրանք նորից կեղծեն՝ միանշանակ պիտի հեռանան, ու մենք պիտի անցնենք հեղափոխական գործողությունների»: Նույն թերթի փոխանցմամբ, երեկ Գյումրիի տարածքային կառույցի հիմնադիր ժողովում Արամ Սարգսյանը բոլորին կոչ արեց այդ օրը «քվեարկությունից հետո գալ Երեւան՝ հեղափոխություն իրականացնելու համար»:

«Ես միանգամայն ընդունելի եմ համարում Արամ Սարգսյանի առաջարկը՝ միասին ապահովել հանրաքվեի ազատ եւ արդար ընթացքը: Սակայն այդ երկու հարցերը՝ ազատ եւ արդար ընտրության ապահովումը եւ քաղաքական դաշտին հրաժեշտ տալը, իրար հետ որեւէ առնչություն չունեն», - «Հայկական ժամանակ»-ում ասում է ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: «Ոչ»-ը, նրա կարծիքով, որոշակի հետեւանք կունենա, եւ այդ դեպքում «անհրաժեշտություն կառաջանա անել լուրջ հետեւություններ եւ շտկումներ հետագա գործընթացի մեջ». - «Սակայն «ոչ»-ը ուղղակի վերածել իշխանափոխության պրոցեսի եւ իշխանությունների հանդեպ անվստահության գործընթացի՝ նման բան լինել չի կարող»:

«Համոզված ենք, որ նոյեմբերի 27-ից քիչ անց՝ կարճատեւ աղմուկ-աղաղակից ու հանրաքվեի արդյունքները բողոքարկելու փորձերից հետո, «Սահմադրությանը՝ այո, իշխանություններին՝ ոչ» կարգախոսը կորդեգրեն արմատական ճամբարի առանցքային ուժերից շատերը՝ բարեփոխված Սահմանադրության հիման վրա 2007-ի խորհրդարանական ընտրություններին նախապատրաստվելու համար», - կանխորոշում է «Հայոց աշխարհ»-ը:

«Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախօրեին Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանի կարգադրությամբ Ազգային ժողովի Վերահսկիչ պալատը պետք է ստուգի ընտրացուցակների խնդիրը», - տեղեկացնում է «Առավոտ»-ը: - «Ձեւավորվել են 10 աշխատանքային խմբեր, որոնք պետք է ստուգումներ անցկացնեն Երեւանում եւ հանրապետության մարզերում»:

Ընդդիմության մեղադրանքներին ի պատասխան, թե օտարերկրյա քաղաքացիները եւ կազմակերպությունները՝ մասնավորապես Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչները, խախտում են «Հանրաքվեի մասին» օրենքը՝ արտահայտվելով հօգուտ սահմանադրական փոփոխությունների՝ Ազգային ժողովի փոխնախագահ Տիգրան Թորոսյանը «Առավոտ»-ում ասում է. - «Այն ժամանակ, երբ այդ մարդիկ կամ նույն կառույցները բավականին կոշտ դիրքորոշումներ ունեին՝ որեւէ մեկը չասաց, թե՝ ինչո՞ւ եք խառնվում մեր երկրի ներքին գործերին»

Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Բալուեւսկին Երեւանում հայտարարել է, որ Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանի թվակազմի ավելացման անհրաժեշտություն չկա», - փոխանցում է «Գոլոս Արմենիի»-ին: Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի եւ Յուրի Բալուեւսկու երեկվա համատեղ ասուլիսից թերթը մեջբերում է վերջինիս խոսքերը. - «Թվակազմը համապատասխանում է այն խնդիրների կատարմանը, որոնք դրված են ռազմակայանի առջեւ»: Միաժամանակ, ըստ թերթի, նա նշել է. - «Ռուսաստանի զինված ուժերի զարգացման ծրագրով նախատեսվում է բարձրացնել որակական մակարդակը, ինչը կվերաբերի նաեւ Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանի սպառազինություններին»:

«Հանրապետություն» կուսակցության աշխատակազմի ղեկավար Արտակ Զեյնալյանը Երեւանի քաղաքապետարանին իրազեկել է, որ հոկտեմբերի 25-ին Մատենադարանի հրապարակում կուսակցությունը համագումար է անցկացնելու», - տեղեկացնում է «Հայկական ժամանակ»-ը՝ պարզաբանելով. - «Կուսակցությունը նման արտառոց որոշում կայացրել է այն բանից հետո, երբ կառավարությունը հրաժարվել է իր նիստերի դահլիճը տրամադրել կուսակցությանը համագումար անցկացնելու համար»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG