Մատչելիության հղումներ

Սամվել Բաբայանը Հայաստանում ծավալելու է ակտիվ քաղաքական գործունեություն


Նոյեմբերի 10-ին տեղի կունենա Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի «Դաշինք» կուսակցության հիմնադիր համագումարը:

Ինչպես ուրբաթ օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ասաց Սամվել Բաբայանը, գրանցվելուց հետո արդեն կուսակցությունը իր ակտիվ մասնակցությունը կունենա Հայաստանի ներքաղաքական գործընթցաներին եւ իր դիրքորոշումը կարտահայտի սահմանադրական հանրաքվեի վերաբարյալ:

«Մեր ծրագիրը դեռ քննարկման փուլում է», - ասաց Բաբայանը՝ ավելացնելով, թե համագումարից հետո միայն կարող են որոշակիացնել իրենց դիրքորոշումը ներքաղաքական՝ այդ թվում նաեւ սահմանադրական հանրաքվեի հարցում:

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարարը փոխանցեց նաեւ, որ ինքն ու իր համախոհները ակտիվ մասնակցություն են ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություներին եւ անգամ արդյունքների են հասել՝ թեեւ դա այնքան էլ տեսանելի չի եղել:

«Փաստը նա է, որ մենք մասնակցել ենք եւ ունենք ե’ւ ավագանիներ, ե’ւ գյուղապետեր, ե’ւ քաղաքապետեր», - հայտարարեց Սամվել Բաբայանը: - «Մենք ուղղակի չենք հայտարարում, թե որտեղ ինչ ենք արել... Կգա ժամանակը՝ բոլորի համար պարզ կլինի, թե ովքեր որտեղ են եւ ինչ են»:

Վերադառնալով սահմանադրական հանրաքվեին, Բաբայանը ասաց. - «Ես չեմ համարում, որ դա լինի արդար ընտրություններ՝ եթե հասարակության մեծ հատվածը անտեղյակ է որեւիցե փոփոխությունից... Ի՞նչ արդար ընտրության մասին է խոսքը»:

Ավելին՝ Սամվել Բաբայանը համոզված է, որ իշխանությունները արդեն ապահովել են անհրաժեշտ «այո»-ն. - «Ես համարում եմ, որ արդեն «այո»-ն ապահովված է»:

Բաբայանը չբացառեց, որ սահմանադրական հանրաքվեի օրը վերաճի իշխանությունների նկատմամբ վստահության հանրաքվեի՝ «եթե ընդդիմությունը կարողանա պաշտպանել իր «ոչ»-ը»:

Նա, այդուհանդերձ, հավելեց, որ իր ունեցած տվյալները իրեն առայժմ հիմք չեն տալիս «տեսնելու, որ դա կկատարվի»:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG