Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի «այո»-ի քարոզչական շտաբը հուշագրի բաց տեքստ է առաջարկել. ենթադրվում է, որ հուշագիրը ստորագրած իրավաբանական անձանց թիվն աճելու է երկրաչափական պրոգրեսիայով: Այդպես էլ կլինի», - համոզված է «Այբ-Ֆե»-ն: «Բայց ռեալ ի՞նչ կարող են տալ թուղթ ստորագրող «իքի բիր» կուսակցությունները... Ոչինչ», - իր իսկ հարցին պատասխանում է թերթի մեկնաբանը՝ շարունակելով. - «Իշխանությանը ռեալ ոչինչ էլ հարկավոր չէ: Այս կերպ պարզապես քաղաքական շղարշ է ապահովվում: Իշխանությունը փորձում է ներկայացնել, թե՝ տեսեք քանի-քանի քաղաքական միավոր է կողմ փոփոխություններին»: Մեկնաբանի հայացքով, գործը անում են «քրեական տարրերը, էլցանցերի, մի քանի այլ ռազմավարական օբյեկտների ղեկավարները եւ ուժային գերատեսչությունները»:

Նույն ոգով «Իրավունք»-ն արձագանքում է. - «Հանրաքվեի շտաբի հույժ գիտարար գործառույթը սովորականի պես ստանձնած Ակադեմիայի կլոր դահլիճում գրեթե ամեն օր անցնում են սահմանադրական փոփոխություններին «այո» ասող կառույցների բազմամարդ հավաքներ: Սկիզբը դրեցին 22 իշխանամետ իշխանամետ կուսակցությունները, որոնցից առնվազն 15-ի անուններն ու առաջնորդները անհայտ են ոչ միայն հանրությանը, այլեւ քաղաքական շրջանակներին: Հետո եկան հայրենակցական միությունները, զիզի-բիզի հասարակական կազմակերպությունները... Ու սկսվեց «ադաբրյամս»-ի անվերջ հանդիսավոր գործընթացը»:

«Հայոց աշխարհ»-ի պատկերմամբ, սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի եւ հակաքարոզարշավի յուրահատկություններից մեկն այն է, որ «բառացիորեն ամեն օր գործընթացի մեջ ներգրավվում են նորանոր քաղաքական ուժեր». - «Կուսակցությունների անունները տարբեր են, իսկ զանազանելը նրանց բացարձակապես անհնար է»: «Փափախը տեղում է, ձին՝ ճիշտ նկարած, հետեւի պլանում սարն է՝ ամեն ինչ ճանաչելի է, իսկ դեմք չկա՝ անցք է», - պատկերում է «Հայոց աշխարհ»-ը: - «Երբեմն ինչ-որ մեկը գլուխը մտցնում է անցքի մեջ ու գոռում... Բայց բոլոր խոստումներից, որոնք տրվում են ժողովրդին ահա արդեն քանի տասնամյակ շարունակ, ճշգրիտ կատարվում է միայն մեկը՝ որոշ ժամանակ ծանր ենք ապրելու»:

ՀՅԴ «Երկիր» պաշտոնաթերթում Արմեն Ռուստամյանը շեշտադրում է. - «Մենք պետք է ամեն ինչ անենք, որ հանրաքվեի արդյունքներն անխոցելի լինեն: Սա շատ լուրջ հարց է եւ ի վերջո՝ հավելյալ շանս, որ մեր ժողովուրդը իր անմիջական իշխանության իրականացման այս ձեւը լիարժեք օգտագործի»:

«Հայոց աշխարհ»-ում ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Լեւոն Մկրտչյանը ներկայացնում է այն առանցքային հիմնադրույթը, որը, ըստ նրա, պետք է բացատրել հասարակությանը հանրաքվեի քարոզչությունում հաջողության հասնելու համար: Ըստ այդմ՝ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կապ չունի ընթացիկ քաղաքական խնդիրների հետ. - «Բնակչության բոլոր շերտերը պիտի հասկանան, որ այն ուղղված է երկրի հեռանկարին՝ անկախ նրանից, թե վաղը ով կլինի իշխանության մեջ, ով՝ ընդդիմության»:

«Առավոտ»-ի մեկնաբանի դիտարկմամբ, Եվրոպայի խորհրդի կարծիքն արհամարհվում է. - «Մի կողմից՝ Հայաստանի իշխանությունն այդպես էլ հաշվի չառավ Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովի որոշ առաջարկներ, մյուս կողմից՝ Հայաստանի ընդդիմությունը նույնպես հաշվի չի առնում Եվրոպայի խորհրդի ակնկալիքները»:

«2003 թվականի նախագահի ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելության գնահատականի հետ չհամաձայնվելով՝ Սերժ Սարգսյանն ասաց, որ նրանք չեն հասկանում մեր մենթալիտետը: Հիմա արդեն կարող ենք արձանագրել», - ընդգծում է «Այբ-Ֆե»-ն, - «որ ոչ թե մեր մենթալիտետը փոխվեց, այլ եվրոպացիների գնահատման չափանիշներն իջան նախարարի ակնարկած մենթալիտետի մակարդակին»: «Տեղական ինքակառավարման մարմիների ընտրություններում դիտորդական խմբի գնահատականը շատ ավելին է, քան զուտ դիտորդի գնահատական», - խորացնում է մեկնաբանը: - «Սրանով քաղաքակիրթ Եվրոպան կանաչ լույս վառեց սահմանադրական հանրաքվեն նմանատիպ կեղծիքներով, խախտումներով ու ահաբեկումներով անցկացնելու եւ միանշանակ «այո» ունենալու գործին»:

Նկատի ունենալով նախորդ ընտրությունների փորձը՝ այլեւս կասկած չկա, որ առաջիկա կիրակի նշանակված տեղական ինքակառավարման մարմինների ընտրությունները եւս անցկացվելու են հայրենի իշխանությունների սահմանած խաղի կանոներով», - նախանշում է «Չորրորդ իշխանություն»-ը՝ մատուցելով. - «Ասել է թե՝ իշխանության տարբեր թեւեր պայքարելու են իրար հետ, եւ քաղաքապետի, գյուղապետի ու ավագանու ընտրություններում հաղթելու են ամենազոռբա, ամենաազդեցիկ թիկունք ունեցող, ամենալավը կաշառող, ընտրակեղծիքների տեխնոլոգիաներին ամենալավը ծանոթ, ընտրողների ու մրցակիցների նկատմամբ ամենաարդյունավետ ճնշումները բանեցնող, ի վերջո, նաեւ՝ ընտրական հանձնաժողովների տեղերն առած ու իշխանությունների «դաբրոն» աներկբայորեն ունեցող թեկնածուները»:

«Վերջերս այնպիսի մարդիկ են սկսել կրծքով պաշտպանել «եվրոպական արժեքները», որ ակամա սկսում ես կասկածել՝ գուցե ասիական կամ աֆրիկյան արժեքներն ավելի լա՞վն են: Ինձ համար, համենայնդեպս, հայտնություն էր, որ Ծաղիկ Ռուբոն եւ Լիսկան նույնպես բռնել են եվրաինտեգրման ճանապրահը», - հայտնագործում է «Առավոտ»-ի խմբագիրը: - «Այսինքն՝ այդ գործիչները, խորապես ուսումնասիրելով Ջոն Լոքի եւ Մոնտեսքյոյի աշխատությունները, եկան այն եզրակացության, որ գործող Սահմանադրությունն իրենց համար բավականաչափ եվրոպական չէ եւ այդ առումով խանգարում է իրենց՝ Ծաղիկին եւ Լիսկային, վերջնականապես եվրոպացի դառնալ.... Բայց հենց որ Հիմնական օրենքը փոխվեց, էլ վերջ՝ նրանց բռնող չի լինի. թաղի «սխոդկեքին» նրանք գնալու են միմիայն սեւ սմոքինգներով ու սպիտակ թիթեռաձեւ փոխկապներով»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG