Մատչելիության հղումներ

logo-print

Խավիեր Սոլանա. - «Որքան շուտ բացվի հայ-թուրքական սահմանը, այնքան լավ»


Եվրամիության արտաքին քաղաքականության հանձնակատար Խավիեր Սոլանան հինգշաբթի օրը այցով Բրյուսելում գտնվող Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպումից հետո հրավիրված համատեղ ասուլիսում հայտարարեց, թե որքան շուտ բացվի հայ-թուրքական սահմանը, այնքան լավ:

Պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե արդյո՞ք ավելի տրամաբանական չէ վերագործարկել Ղարս - Գյումրի երկաթգիծը, քան միլիոնավոր դոլարներ ծախսել Հայաստանի շրջանցող Ղարս - Ախալքալաք նոր երկաթուղի կառուցման վրա, Եվրամիության արտաքին քաղաքականության հանձնակատարը ասաց. - «Մենք [նախագահ Քոչարյանի հետ] զրուցել ենք այդ մասին: Մենք խոսել ենք Թուրքիայի հետ Հայաստանի սահմանի մասին... Մենք կանենք հնարավոր ամեն բան: Որքան շուտ բացվի հայ-թուրքական սահմանը, այնքան լավ... Այդ դեպքում այդ նոր երկաթուղին ունենալու անհրաժեշտությունը կվերանա»:

«Բայց դրա համար [սահմանի վերաբացման] կպահանջվեն երկու կողմերի ջանքերը», - եզրափակեց Սոլանան՝ ավելացնելով, որ իրենք շատ են ուզում, որ սահմանը վերաբացվի:

Խոսելով Ռոբերտ Քոչարյանի հետ ավարտված հանդիպման մասին, Խավիեր Սոլանան ասաց, որ խոսել են հիմնականում երկու հարցի շուրջ՝ Եվրամիություն - Հայաստան հարաբերությունների եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման:

«Ես հուսով եմ, որ Եվրամիության հարեւանության քաղաքականությունը կառուցողական ու դրական օգնություն կլինի Հայաստանի համար Եվրամիության հետ հարաբերություններում», - ասաց Սոլանան: - «Բանակցությունները այդ հարցով դեռ չենք սկսել, բայց մենք մեծ հույսեր ունենք, որ դրանք կսկսվեն մոտ ապագայում»:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, Եվրամիության արտաքին քաղաքականության հանձնակատարը հույս հայտնեց, որ «ներկայումս բացվող հնարավորությունը կօգտագործեն բոլորը»:

«Եվրամիությունը, ինչպես գիտեք, պատրաստակամ է օգնելու: Եվ եթե մենք կարող ենք որեւէ կերպ օգնել, մենք կօգնենք», - ավելացրեց Սոլանան:

Նա նշեց, որ Հայաստանի նախագահի հետ բանակցությունները «շատ լուրջ» եւ «շատ կառուցողական» էին: «Ես ուրախ եմ, որ մենք անկեղծ ու անմիջական կարծիքներ փոխանակեցինք»:

Ռոբերտ Քոչարյանը, իր հերթին, ասաց, որ իր հանդիպումների Խավիեր Սոլանայի հետ միշտ եղել են «անկեղծ եւ բովանդակալից»:

«Քննարկեցինք, ինչպես նշվեց, Ղարաբաղի հարցի կարգավորման հնարավորությունը: Կարծում ենք, որ ե’ւ ինքը, ե’ւ Եվրամիությունը կարող են իրականում ակտիվ դերակատարություն ունենալ ե’ւ բանակցային գործընթացում, ե’ւ հատկապես հաջող բանակցությունների ավարտից հետո գործնական քայլերի կիրառման ժամանակ», - ասաց Հայաստանի նախագահը:


Հրայր Թամրազյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG