Մատչելիության հղումներ

logo-print

ԱՄՀ-ի ներկայացուցիչը «ռեկորդային» է անվանում Հայաստանի տնտեսական աճի ցուցանիշը


Արժույթի միջազգային հիմնադրամի «Հոլանդական խմբի» գործադիր տնօրեն Ջերոմ Կրեմերսը հինգշաբթի օրը գոհունակություն է արտահայտել Հայաստանում վերջին տարիներին արձանագրված տնտեսական աճի ցուցանիշների կապակցությամբ: Հայաստանի մյուս խոշոր դոնորը՝ Համաշխարհային բանկը, մինչդեռ, իր զեկույցում կասկածի տակ է առնում հրապարակվող վիճակագրական տվյալները:

«Հայաստանի տնտեսական աճը շատ բարձր է եւ հինգերորդ տարին շարունակաբար արձանագրվում է երկնիշ տնտեսական աճ: Դա կարող է լինել ռեկորդային ցուցանիշ համաշխարհային մակարդակով», - հայաստանյան հանդիպումների ավարտին հրավիրված մամուլի ասուլիսում շեշտեց ԱՄՀ-ի պաշտոնյան՝ հավելելով, թե նոյեմբերին Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրենների խորհրդում կներկայացվի Աղքատության հաղթահարման աջակցման եռամյա ծրագրի կատարողականը։

«Այդ նիստի ժամանակ ես ներկայացնելու եմ Հայաստանը ու չեմ կարծում, թե այդ ընթացքում որեւէ պրոբլեմ կարող է ծագել», - ասաց Կրեմերսը։

Հիմնադրամի տեսանկյունից, այդուհանդերձ, Հայաստանի տնտեսության հիմնական խնդիրները մնում են հարկային եւ մաքսային հավաքագրումների ավելացումը, եւ հատկապես աղքատության կրճատումը, տնտեսական աճի արդյունքները բոլորի բարեկեցությանը ծառայեցնելը։ Այս խնդիրների լուծմանը նպաստելու նպատակով առաջիկա երեք տարիներին Արժույթի միջազգային հիմնադրամը Հայաստանին 33 միլիոն դոլարի արտոնյալ վարկ կտրամադրի։

«Հայաստանը չպետք է գոհանա իր առաջընթացով, այլ պետք է ավելի շատ նայի ապագային ու եթե բարեփոխումները շարունակվեն, ապա մոտ հինգ տարուց հետո իրավիճակը այստեղ զգալիորեն կբարելավվի», - կանխատեսեց Կրեմերսը։

Հարցին, թե ինչքանո՞վ են հավաստի պաշտոնական վիճակագրության տվյալները, երբ նույնիսկ Հայաստանի որոշ պետական գերատեսչությունների ղեկավարներ, մասնավորապես, Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահը, իրենց աշխատակիցներին արգելում են օգտվել պաշտոնական վիճակագրության տվյալներից, Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչը պատասխանեց, թե Հայաստանի տնտեսության վերաբերյալ վիճակագրական տվյալները լիովին բավարարում է իրենց պահանջներին, այլապես իրենք չէին շարունակի Հայաստանի հետ ծրագրերը։

Պաշտոնական վիճակագրության հարցում, սակայն, որոշակի վերապահումներ ունի Հայաստանի ամենախոշոր դոնորը՝ Համաշխարհային բանկը։ Բանկը վերջրես Հայաստանի կառավարությանն է փոխանցել Հայաստանում առկա տնտեսական իրավիճակի վերաբերյալ մի ծավալուն զեկույց, որը վերնագրված է «Կովկասյան վագրի մռնչյունը»:

Թեեւ զեկույցը առայժմ գաղտնի է պահվում, սակայն, որոշ գնահատականներ այդ փաստաթղթից արդեն սպրդել են մամուլ: Մասնավորապես, դրանում կասկածի տակ են առնվում ավտովառելիքի Հայաստանյան շուկայի վիճակարգական տվյալները. - «Վառելանյութի ներմուծման վերաբերյալ վիճակագրությունը չի արտացոլում երկրում առկա իրական պատկերը... Վառելիքի մի մասը ներմուծվում է մաքսանենգ ճանապարհով... Վառելիքի շուկայի մենաշնորհացման արդյունքում հասարակությունը խոշոր վնասներ է կրում... Միայն բենզինի շուկայում ոչ մրցակցային վարքագծի պատճառով հասարակության կրած վնասները միջին հաշվով կազմել են ՀՆԱ-ի 1,3 տոկոսը», - գնահատել են բանկի մասնագետները։ - «Դա մոտավորապես 60 միլիոն դոլար է։ Պետությունն ի վիճակի չէ արդյունավետ կերպով ապահովել ներքին շուկաներում մրցակցության բարձր մակարդակը»:

Համաշխարհային բանկի մասնագետները խիստ գնահատականներ են տվել նաեւ Հայաստանի գործարար միջավայրը էապես խոչընդոտող կոռուպցիային։ Ըստ փաստաթղթի, գործարարների վճարած կաշառքները ապրանքների արտահանման դեպքում կազմում են մաքսազերծման ընդհանուր ծախսերի 46 տոկոսը: Բանկի զեկույցում, ըստ նույն հրապարակումների, նշվում է, որ կոռուպցիայի որոշ դրսեւորումներ հասնում են «ընդհուպ մինչեւ իշխանության բարձրագույն մակարդակներ»:


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG