Մատչելիության հղումներ

logo-print

Մամուլի տեսություն


«Մենք մտադիր չենք հրաժարվել միջուկային էներգետիկայից: Ուզում եմ, որ մեր այս դիրքորոշումը մեկընդմիշտ պարզ լինի», - Հայաստանի նախագահի խոսքերը ընդգծված մեջբերում է «Հայաստանի Հանրապետություն» թերթը՝ ներկայացնելով ատոմային էներգետիկայի խորհրդի նիստում Ռոբերտ Քոչարյանի ելույթը: Երեկ կայացած այդ նիստից թերթը մատուցում է նաեւ խորհրդի նախագահ Ադոլֆ Բիրկհոֆերի կարծիքը. - «Եթե Հայաստանի ատոմակայանը շարունակի ըստ պատշաճի իրականացնել անվտանգության միջոցառումները, Եվրամիությունը հազիվ թե կայանի փակման առաջարկ անի»:

Չնայած օրենսդրությամբ գլխավոր դատախազը հանրաքվեի դրված հարցի քարոզչությամբ զբաղվելու իրավունք չունի, Աղվան Հովսեփյանը երեկ մի այնպիսի քարոզչական միջոցառում էր կազմակերպել, որի ծանրության տակ, թերեւս, ոչ մի օրենք չէր դիմանա», - բնորոշում է «Հայկական ժամանակ»-ը՝ անդրադառնալով «Նիգ - Ապարան» հայրենակցական միության հավաքին: - «Գլխավոր դատախազը հայրենակցական միությունների «միասնության շուրջպար» էր կազմակերպել ՀՀ Սահմանադրության փոփոխությունների իշխանական նախագծի շուրջ եւ իր ելույթում անձամբ քարոզել է դրա օգտին»: Երբ թերթի թղթակիցը հետաքրքրվել է, թե արդյո՞ք նրա այդ գործունեությունը չի հակասում ՀՀ օրենսդրությանը, դատախազը «հանգիստ» պատասխանել է՝ ինքը բյուլետեն ունի:

«Հանրաքվեի մասին» օրենքի 20-րդ հոդվածի համաձայն, քարոզչություն չեն կարող կատարել դատավորները. ներկայացնելով այս դրույթը, «Առավոտ»-ը հիշեցնում է. - «Սակայն ՀՀ դատավորների միությունը օրերս կոչ արեց կողմ քվեարկել սահմանադրական փոփոխություններին»: Թերթի խնդրանքով անդրադառնալով այս փաստին, Ազգային ժողովի փոխխոսնակ Տիգրան Թորոսյանն ասում է. - «Սահմանադրական փոփոխությունների նախագիծը ուղղակիորեն առնչվում է դատավորներին: Եվ եթե նրանք հավաք են անցկացնում, պարզապես տարօրինակ կլիներ իրենց համակարգին առնչվող նման կարեւոր փաստաթղթի վերաբերյալ դիրքորոշում չարտահայտելը»:

«Լրագրող, ո՞վ ես դու, որ պատկերացում ունենաս, թե ինչ բան է ժողովրդավարությունը, դա քո ատամի բանը չէ», - հեգնում է «Ազգ»-ը՝ ենթատեքստում արձագանքելով Սերժ Սարգսյանին, որն օրերս լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Էջմիածնում կայացած ընտրությանը, ասել էր. - «Չեմ կարծում, թե ձեր պատկերացումները ժողովրդավարության մասին կարող են ավելի խորը լինել, քան միջազգային դիտորդներինը, որոնք այնտեղ են եղել եւ համապատասխան գնահատական են տվել»: Իսկ «Ազգ»-ի գնահատմամբ՝ միջազգային դիտորդները «սովորեցին Հայաստանում աշխատել, հարմարվել բացառապես «տեղական ժողովրդավարության» պահանջներին, այլեւս աղաղակող թերություն չտեսնել ընտրությունների ընթացքում եւ զգուշավոր նախնական տեսակետներ հրապարակել՝ հայացք պահելով երկրի իշխանությունների դիրքորոշումներին»:


Վկայակոչելով Հայաստանի նախագահին մոտ կանգնած աղբյուրները՝ «168 ժամ» թերթը գրում է. - «Մի քանի օր առաջ Ռոբերտ Քոչարյանի եւ Արթուր Բաղդասարյանի միջեւ բավականին լուրջ եւ կոշտ խոսակցություն է գնացել Ազգային ժողովի նախագահի վերջին ժամանակաշրջանի որոշ «ընդդիմադիր» ելույթների եւ կեցվածքի շուրջ»: «Թերեւս այդ խոսակցության արդյունքում է նախագահը որոշել «ձիու քայլ» անել», - շախմատային տերմինաբանությամբ ենթադրում է «168 ժամ»-ը. - «Ռոբերտ Քոչարյանը կոալիցիայի հետ վերջին հանդիպման ժամանակ Արթուր Բաղդասարյանին պարզապես պարտադրել է, որ Սահմանադրության «այո»-ի աշխատանքների կոորդինացումն իր վրա վերցնի հենց անընդհատ եվրոպական չափանիշներից խոսող եւ «կյանքից բողոքող» «Օրինաց երկիր»-ը՝ ի դմես Մհեր Շահգելդյանի»:

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի «այո»-ին միացած Քրիստոնեա-դեմոկրատական միության նախագահ Խոսրով Հարությունյանի երեկվա ասուլիսից «Հայոց աշխարհ»-ը ներկայացնում է նրա հետեւյալ խոսքերը. - «Եթե ընդդիմության դիրքորոշումից տարբեր տեսակետ հայտնելու համար ինձ այսօր հանցագործ են անվանում, վաղը, եթե այդ ընդդիմությունը իշխանության եկավ, այլընտրանքային տեսակետ հայտնելու համար ինձ կարող են նույնիսկ գլխատել»:

Ըստ «Առավոտ»-ի խմբագրի, կուսակցությունների ներկայությունը ընտրական հանձնաժողովներում լայն հնարավորություն է բացում «ընտրական բիզնեսի» համար. - «Կուսակցություններն ըստ էության չեն գործում, գործում են փոքրիկ ՍՊԸ-ներ՝ իրենց միջին եկամուտներով: Ահա եւ ստացվում է, որ սուպերընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչները ընտրական հանձնաժողովներում աշխատում են սուպերիշխանամետ կուսակցությունների օգտին»: Միաժամանակ, Արամ Աբրահամյանը նշում է, որ այս նկատառումները վերաբերում են տեղական ընտրություններին եւ ոչ թե Սահմանադրության հանրաքվեին. - «Սահմանադրությունը Հայաստանում ոչ մեկի անձնական շահերի հետ առնչություն չունի. դա գյուղապետի պաշտոն չէ, որ դրանով կարողանաս «փող շինես», կամ հակառակը՝ փողից զրկվես»: «Առավոտ»-ի խմբագրի կարծիքով, նոյեմբերի 27-ին չեն լինելու առանձնապես խոշոր չափերով լցոնումներ կամ սաստիկ ծեծուջարդ. - «Պարզապես հանրաքվեից հետո Գարեգին Ազարյանը կարդալու է այն թվերը, որոնք պետք են իշխանությանը»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG