Մատչելիության հղումներ

Ֆարհադ Ալիեւը մեղադրվում է պետական հեղաշրջման փորձի մեջ


Այս շաբաթ ավելի վաղ պաշտոնանկ արված, իսկ այսօր կալանված Ադրբեջանի նախկին տնտեսական զարգացման նախարար Ֆարհադ Ալիեւը մեղադրվում է պետական հեղաշրջման փորձի մեջ:

«Խորհրդարանական ընտրություններին նախօրեին երկրում ավելի հաճախ են դարձել հասարակական-քաղաքական լարվածություն ստեղծելու փորձերը: Ստացվող տեղեկատվությունը վկայում է, որ միջազգային հետախուզման մեջ գտնվող նախկին խոսնակ Ռասուլ Գուլիեւը, հենվելով ապակառուցողական ուժերի վրա, փորձել էր հակասահմանադրական ճանապարհով զավթել իշխանությունը», - ասված է Ադրբեջանի ազգային անվտանգության, ներքին գործերի նախարարությունների եւ գլխավոր դատախազության հայտարարության մեջ, որը այսօր տարածել են ադրբեջանական լրատվամիջոցները:

Այնուհետեւ բերվում են փաստեր, որոնք հայտարարության հեղինակների կարծիքով, ապացուցում են, որ Ադրբեջանում աշխատանք էր տարվում Ռասուլ Գուլիեւի վերադարձի կապակցությամբ երկրում հրահրել անկարգություններ եւ որոշակի վայրերում թաքցված զենքի ու զինամթերքի օգտագործմամբ զավթել իշխանությունը:

«Սակայն Գուլիեւը, ով ուշադիր հետեւում էր Բաքվում ծավալվող իրադարձություններին (իշխանությունները ուժեղացրված հսկողություն էին սահմանել օդանավակայանում, քաղաքի ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտների շրջակայքում), հասկանալով, որ իր ծրագրերը տապալվել են, հրաժարվեց Բաքու վերադառնալու մտադրությունից», - ասված է հայտարարությունում:

Հոկտեմբերի 16-ին ձերբակալված նախկին ֆինանսների նախարար Ֆիքրեթ Յուսիֆովը իր ցուցմունքներում ասել է, որ այս տարի ավելի վաղ, երբ ինքը Սանկտ Պետերբուգում էր, հեռախոսազրույց էր ունեցել Ռասուլ Գուլիեւի հետ, որը իրեն ասել էր, թե իշխանությունը անօրինական ճանապարհով զավթելու ֆինանսավորումը հանձնարարել է տնտեսական զարգացման նախարար Ֆարհադ Ալիեւին ու իր մյուս կողմնակիցներին: Դրան հետեւել են Յուսիֆովի մի քանի նոր հանդիպումներ ինչպես Ռասուլ Գուլիեւի, այնպես էլ Ֆահրադ Ալիեւի հետ:

Իսկ հոկտեմբերի 15-ին վերադառնալով Գուլիեւի հետ Բեռլինում ունեցած հանդիպումից հետո, որի ընթացքում նախկին խոսնակը ընդգծել էր, թե շատ կարեւոր է, որ իր Բաքու վերադառնալու օրը իրեն բամամարդ ամբոխ դիմավորի եւ անկարգություններ լինեն, Յուսիֆովը հեղաշրջումը ֆինանսավորելու համար անձամբ Ֆահրադ Ալիեւից ստացել է 100 հազար եվրո: Այդ գումարը հայտնաբերվել է Յուսիֆովի բնակարանում:

day.az ինտերնետային էջը հաղորդում է նաեւ, որ որպես կասկածելի անձ ձերբակալվել է այսօր ավելի վաղ պաշտոնանկ արված առողջապահության նախարար Ալի Ինսանովը:


Լեոնիդ Զիլֆուղարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG