Մատչելիության հղումներ

logo-print

Տնտեսական մրցակցության հանձնաժողովը տուգանում է ավիատոմսեր վաճառող երկու ընկերությունների


Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը չորեքշաբթի օրը տուգանեց «Արմավիա» ընկերության ավիատոմսեր վաճառող «Բագրատ տուր» եւ թուրքական «Քուլե» ընկերության հայաստանյան դուստր «Թաուեր թրավել» ընկերություններին՝ 1 միլիոն 170 հազարական դոլարով՝ միմյանց հետ հակամրցակցային համաձայնության գալու համար։ Ռուսաստանյան «Աերոֆլոտ» ընկերության նկատմամբ կիրառվեց ավելի մեղմ տուգանք:

Ավիափոխադրումների շուկայում մոտ մեկ տարի համատեղ աշխատելուց հետո «Բագրատ Տուր» եւ «Թաուեր թրավել» ընկերությունները այս տարվա փետրվարին մի գործարք էին կնքել, որի համաձայն «Թաուեր Թրավըլ»-ը պարտավորվել էր ժամանակավորապես դադարեցնել Ստամբուլ - Երեւան - Ստամբուլ չվերթի ուղեւորափոխադրումների պատվերը թուրքական «Ֆլայ Էյր» ընկերությանը՝ շուկան, փաստորեն, զիջելով հայաստանյան մրցակցին։ Դրա հետեւանքով կրճատվել են չվերթները, նվազել է վաճառվող տոմսերի քանակը, եւ մարդիկ ստիպված են եղել ավելին վճարել այդ երթուղու՝ առանց այդ էլ թանկ ավիատոմսերի դիմաց։

Որպես փոխհատուցում «Բագրատ տուր»-ը պարտավորվել էր «Արմավիա»-ի՝ դեպի Ստամբուլ չվերթի յուրաքանչյուր ավիատոմսի վաճառքից «Թաուեր Թրավըլ» ընկերությանը փոխանցել 50 դոլար։ Այդպիսով, թուրքական ընկերությունը, ոչ մի չվերթ չանելով, «Արմավիա»-ի յուրաքանչյուր տոմսից կլորիկ շահույթ է կորզել, իսկ «Արմավիա»-ն՝ մենաշնորհային դիրք: Մինչդեռ, ըստ հանձնաժողովի, երկու ընկերությունների մրցակցության պարագայում ավիատոմսերի արժեքը էապես կիջներ։

Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը այս փաստը որակեց որպես բացահայտ հակամրցակցային համաձայնություն ու պարտադրեց հիշյալ ընկերություններին իրենց տարեկան հասույթի 1 տոկոսը իբրեւ տուգանք վճարել պետական գանձարան։

«Բագրատ տուր»-ի գործադիր տնօրեն Բագրատ Նավոյանը նիստից հետո իրենց նկատմամբ հանձնաժողովի կայացրած վճռից այնքան էլ դժգոհ չէր:

«Դա մեծ գումար է մեզ համար, բայց «Բագրատ տուր»-ը ընդամենը երկու տարեկան է... Ամեն մի կազմակերպություն էլ կարող է ունենալ իր սխալը», - ասաց Նավոյանը՝ միաժամանակ ավելացնելով, թե թուրքական ընկերության հետ համաձայնություն կնքելով միայն հնարավոր եղավ ձերբազատվել Հայաստանի երբեմնի ազգային փոխադրող «Սիբիրյան ավիաուղիներ»-ի մենաշնորհային ճնշումներից:

Այդուհանդերձ, Նավոյանը դժվարանում է բացատրել, թե ինչու, ասենք, Երեւան - Մոսկվա - Ստամբուլ ու հակադարձ չվերթը հայաստանցու համար մոտավորապես նույնքան՝ 300 դոլար է նստում, ինչ Երեւան - Ստամբուլ - Երեւան երկուսուկես անգամ ավելի կարճ տարածության թռիչքը։ «Բագրատ Տուր»-ի տնօրենը դա բացատրեց ավիավառելիքի թանկությամբ. ինչպեսեւ Երեւանում, Ստամբուլում եւս ավիակերոսինի տոննայի գինը մոտ 750 դոլար է, իսկ Մոսկվայում վառելիքի տոննան մոտ 420 դոլար արժե։

Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը այսօր տուգանեց նաեւ ռուսական «Աերոֆլոտ» ընկերությանը՝ «Աշուն -2005» ակցիայի ընթացքում թույլ տված անբարեխիղճ մրցակցության եւ սպառողներին մոլորեցնելու համար։

Հանձնաժողովը պարզել էր, որ սեպտեմբերի 15-ից 24-ն ընկած ժամանակահատվածում ռուսական փոխադրողը հայտարարել էր տոմսերի զեղչ՝ մոտ երեք անգամ էժան, վաճառք, սակայն, պոտենցիալ ուղեւորների համար գործնականում անհնար է եղել նման գներով տոմս ձեռքբերելը։ Մինչդեռ, հարուցված դեֆիցիտը առաջացրել էր աժիոտաժ, մարդիկ օրերով հերթ էին կանգնել, որպեսզի Երեւան - Մոսկվա 320 դոլար արժեցող տոմսը գնեն ընդամենը 99 դոլարով, սակայն՝ ապարդյուն։ Այնինչ, ռուսական ընկերությունը նախօրոք մարդկանց չի տեղեկացրել, թե իրականում քանի զեղչով տոմսեր էր վաճառքի հանելու ու որ ընկերությունը առաջորդվելու էր լոտոյի սկզբունքով։

Ի տարբերություն «Բագրատ տուր»-ի, «Աերոֆլոտ»-ն այս անգամ տուգանվեց իր համար սիմվոլիկ՝ ընդամենը 100 հազար դրամով։ Ընկերության հայաստանյան ներկայացուցիչ Գառնիկ Ղահրամանյանը նիստից հետո ասաց, թե իրենց պաշտոնական արձագանքը կհայտնեն, երբ հանձնաժողովի որոշումը կփոխանցի ընկերության մոսկովյան ղեկավարությանը:


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG