Մատչելիության հղումներ

Վրաստանի խորհրդարանը քննարկել է հայալեզու, ռուսալեզու եւ ադրբեջանալեզու մամուլին աջակցելու հարցը


Վրաստանի խորհրդարանի մարդու իրավունքների պաշտպանության եւ քաղաքացիական ինտեգրման կոմիտեն երեկ քննարկել է երկրում լույս տեսնող հայալեզու, ռուսալեզու եւ ադրբեջանալեզու մամուլին պետբյուջեից միջոցներ տրամադրելու հարցը:

Ռուսաստանյան «Ռեգնում» գործակալության փոխանցմամբ, ներկայումս Վրաստանի պետբյուջեից ֆինանսավորվում է հայալեզու «Վրաստան»-ը, ադրբեջանալեզու «Գուրջիստան»-ը եւ ռուսալեզու «Սվոբոդնայա րուզիա»-ն:

«Վրաստան» թերթի գլխավոր խմբագիր, խորհրդարանի պատգամավոր Վան Բայբուրդյանը նիստի ժամանակ տեղեկացրել է, որ ներկայումս հատկացվող գումարը (տարեկան 20 հազար լարի, ինչը կազմում է շուրջ 11 հազար դոլար) ծածկում է սոսկ տպագրության ծախսերը:

Մարդու իրավունքների պաշտպանության եւ քաղաքացիական ինտեգրման կոմիտեի ղեկավար Էլենե Թեւդորաձեն, իր հերթին, նշել է, թե «երկրի ոչ վրացալեզու բնակչությունն իրավունք ունի տեղեկատվություն ստանալ մայրենի լեզվով»:

Քննարկման արդյունքում Թեւդորաձեն առաջարկել է Վրաստանի մշակույթի նախարարությանը նոր մոտեցումներ մշակել հայալեզու, ռուսալեզու եւ ադրբեջանալեզու մամուլի նկատմամբ, քանի որ դա «բխում է պետության շահերից»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG