Մատչելիության հղումներ

Հայաստանի ռազմական բյուջեն 2006-ին կավելանա 20 տոկոսով


Եկող տարի Հայաստանի ռազմական բյուջեն կաճի մոտ 20 տոկոսով՝ հասնելով 150 միլիոն դոլարի: Ազգային ժողովի խորհրդարանական հանձնաժողովների դռնփակ նիստից հետո պարզաբանումներ տալով ռազմական հատկացումների վերաբերյալ՝ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը երեքշաբթի օրը լրագրողներին ասաց, թե այդ գումարը միանգամայն բավարար է երկրի պաշտպանական կարիքները հոգալու համար, թեեւ ինքը դեմ չէր լինի, որ այդ ծախսերն ավելին լինեին:

«Ծախսերի այս չափը մինիմալն է, որ կարող է ապահովել մեր բանակի մարտական պատրաստության առկա մակարդակի պահպանումը»,- ասաց նախարարը:

Ազգային ժողովի պաշտպանության, ներքին գործերի եւ ազգային անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մհեր Շահգելդյանը, իր հերթին, բացատրեց, թե պաշտպանական ծախսերը պլանավորվել են՝ հաշվի առնելով Ադրբեջանի ռազմական ծախսերի կտրուկ աճը. - ««Մեր խնդիրն է տվյալ դեպքում՝ պահպանել մեր որակական բավարար մակարդակը երկրի պաշտպանունակությունը եւ անվտանգությունը ապահովելու համար»:

Պաշտպանության նախարարի փոխանցմամբ, եկող տարվա պաշտպանության բյուջեի պլանավորման հիմքում նոր սկզբունք է դրվել. ռազմական ծախսերը այսուհետ կկազմեն երկրի Համախառն ներքին արդյունքի 3 տոկոսից քիչ ավելին՝ անկախ նախորդ տարիներին ձեւավորված միտումներից։

Ադրբեջանը, մինչդեռ, ծրագրել է եկող տարի կրկնապատկել ռազմական ծախսերը՝ դրանք հասցնելով 650 միլիոն դոլարի, ու Հայաստանի ռազմական ծախսերի ավելացումը ինչ-որ արձագանք է Ադրբեջանի պարտադրած սպառազինությունների մրցավազքին։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG